Արմինֆո.«Ես կիսում եմ Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այն կարծիքը, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի փոխզիջումների հիման վրա: Այդ մասին բազմիցս ասել են նաև ՀՀ իշխանությունները», - ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԽ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ՀԱԿ համագումարում կառավարող կուսակցությանը հասցեագրված Տեր-Պետրոսյանի դիտողությանը, թե` հանրապետականները, գործնականում չեն հնչեցնում ղարաբաղյան հակամարտությունը փոխզիջումների հիման վրա կարգավորելու մասին թեզիսը:
Նա համաձայնել է առաջին նախագահի նաև այն կարծիքին, որ այսօր բանակցությունների սեղանին գտնվող ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթը կարող է հիմք ծառայել կարգավորման համար` կողմերի միջև փոխհամաձայնության ձեռք բերման դեպքում: «Երբ Տեր-Պետրոսյանն ասում է, որ բանակցությունների սեղանին գտնվղ փաստաթուղթը փոխզիջումային է և բխում է հայկական կողմի շահերից, նա, փաստորեն, ընդունում է այն փաստը, որ մեր դիվանագիտությունն այս տարիներին ճիշտ ուղղությամբ է ծավալվել», - հայտարարել է փոխխոսնակը, ընդ որում ընդգծելով, որ Տեր-Պետրոսյանն իր ելույթում, չգիտես ինչու, չի նշվում, թե ով է հիմնական խոչընդոտը փոխհամաձայնության հասնելու և հակամարտության կարգավորման ճանապարհին:
«Երբ Տեր-Պետրոսյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անվանում է ռացիոնալ գործիչ և ընդսմին չի նշում, թե ով է խոչընդոտը հաշտության բանակցային գործընթացի շարունակման ճանապարհին, ծագում են բազմաթիվ հարցեր: Մինչդեռ միանշանակ և ակնհայտ է, որ փոխզիջման չի հաջողվում հասնել, բանակցային գործընթացը արգելակվել է, հրադադարը խախտվում է հենց ադրբեջանական կողմի և ԱՀ նախագահի մեղքով, որը, չնայած այն հանգամանքին, որ Տեր-Պետրոսյանը նրան համարում է ռացիոնալ գործիչ, գործում է իռացիոնալ, ինչի վկայությունն է Բաքվի նախաձեռնած ապրիլյան պատերազմն ու շփման գծում լարվածության թուլացմանը նպատակաուղղված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործումից հրաժարվելը», - նշել է Շարմազանովը: Ընդ որում, նա հատկապես ընդգծել է, որ փոխզիջումների ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հայկական կողմի համաձայնությունն ամենևին չի նշանակում, թե նա պատրաստ է հաշտության ցանկացած գնով: «Մենք պատրաստ չենք հաշտության այն պայմաններում, երբ Ալիևը մշտապես հրահրում է պատերազմ», - հայտարարել է նա: Ըն որում, փոխխոսնակը կիսել է Տեր-Պետրոյանի այն կարծիքը, որ նոր պատերազմ նախաձռնելու դեպքում Ադրբեջանը նոր անհաջողություն կկրի և կկորցնի նոր տարածքներ:
Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավրումը կախված է ղարաաբղյան հակամարտության կարգավորումից, իսկ Անկարան ոչ մի թշնամական գործողություն չի ձեռնարկել Հայաստանի նկատմամբ` բացի նրա սահմանների շրջափակումից, Շարմազանովը կրկին հիշեցրել է, հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված և պաշտոնական Երևանի պաշտպանած այն թեզիսը, որ երկկողմ հարաբերությունների հաստատումը և սահմանների ապաշրջափակումը ոչ մի կերպ չեն շաղկապվում ոչ ղարաբաղյան հակամարտության, ոչ էլ այլ երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների հետ: «Ես սպասում էի, որ առաջին նախագահն իր ելույթում կնշի, թե ով տապալեց հայ-թուրքական արձանագրությունների իրագործումը և ով է պատասխանատվություն կրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի արգելակման համար, երկու դեպքում էլ` դա հայկական կողմը չէ», - նշել է փոխխոսնակը:
Շարմազանովը չի կիսել Տեր-Պետրոսյանի քննադատությունը նաև «ազգ-բանակ» հայեցակարգի առնչությամբ: «Չնայած այն հանգամանքին, որ Տեր-Պետրոսյանը խորը պատմական և աշխարհաքաղաքական վերլուծություն կատարեց, փորձելով ապացուցել Հայաստանի համար այդ հայեցակարգի անարդյունավետությունը, նա ինձ չհամոզոց, և ես հավատարիմ եմ իմ այն նախնական կարծիքին, որ այդ հայեցակարգը ստեղծված պայմաններում մեզ համար օպտիմալն է», - ամփոփել է փոխխոսնակը:
Նշենք, որ ՀԱԿ համագումարում Տեր-Պետրոսյանի ելույթում կարմիր գծով անցնում էր ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելիս հայկական կողմից տարածքային զիջումների անհրաժեշտությունը: Տեր-Պետրոսյանի կարծիքով, եթե հայկական կողմը չգնա այդ զիջումներին, հետագայում կհայտնվի ավելի բարդ իրավիճակում: Նա նաև Ալիևին որակել է կառուցողական առաջնորդ, իսկ Հայաստանի իշխանություններին կշտամբել է այն բանի համար, որ նրանք բավականաչափ հստակ և միանշանակ չեն խոսում զիջումների անհրաժեշտության մասին: Անդրադառնալով Թուրքիային` նա հայտարարել է, որ Անկարան Հայաստանի նկատմամբ ոչ մի թշնամական գործողություն չի ձեռնարկել` բացի սահմանների շրջափակումից, և եթե ղարաբաղյան հակամարտությունը կարգավորմվի, ապա հայ-թուրքական հարաբերությունները կնորմալանան առանց որևէ լրացուցիչ ջանքի: Տեր-Պետրոսյանը նաև քննադատության է ենթարկել «ազգ-բանակ» հայեցակարգը` դա համարելով Հայաստանի համար ոչ արդյունավետ: