


Արմինֆո.Անցած գիշեր ունեցել ենք խիստ ցածր ջերմային ֆոն, օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով գերազանցել է այս օրերին երբևիցե գրանցված բացարձակ նվազագույն արժեքները, «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայհիդրոմետկենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Այսպես, Աշոցք -33, Գյումրի, Ծաղկահովիտ -30, Հրազդան, Ապարան -28, Տաշիր, Գավառ, Ստեփանավան -25...-26, Արարատյան դաշտ -19....-22, Երևանի ցածրադիր գոտում -20...-21, Բարձրադիր գոտում -16...-18 աստիճան ցուրտ: Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կլիմայական նորմայից ցածր է 10-15 աստիճանով: Ասեմ, որ պարզ գիշերներին և անտիցիկլոնի առկայության պայմաններում սառը օդն ունենում է մեծ խտություն և ջրի նման հոսում է դեպի Արարատյան դաշտի հատակային հատված. դրանով է բացատրվում, որ պարզկա գիշերներին Երևանի ցածրադիր գոտում օդի ջերմաստիճանը մի քանի աստիճանով ավելի ցածր է լինում, քան բարձրադիր հատվածներում », - հաղորդել է Սուրենյանը:


