Արմինֆո. Հայտնի երաժիշտ Վահան Արծրունին հայտարարել է, որ իրեն երկու օր առաջ զանգահարել է Գրիգոր անունով մեկը, ներկայանալով որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից, հրավիրել է զրույցի ԱԱԾ:
Ինչպես ասվում է երգչի հայտարարության մեջ, ԱԱԾ-ում իրեն տվել են այնպիսի հարցեր, որոնցով կամեցել են պարզել նրա քաղաքական դիրքորոշումը, մասնակցե՞լ է արդյոք հանրահավաքների եւ այլն: Հարցաքննությունը չի արձանագրվել, Վահան Արծրունուն չեն իրազեկվել նրա իրավունքները հրավերի եւ ոչպաշտոնական հարցաքննության ընթացքում: ԱԱԾ-ում ունեցած զրույցից հետո երաժշտի ֆեյսբուքյան էջը ընկերների համար արգելափակվել է: Այս առնչությամբ Հայաստանի մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում տեղի ունեցածը գնահատել են որպես ոչ միայն քաղաքացու ազատությունների եւ իրավունքների կոպիտ ոտնահարում, այլեւ անթաքույց ահաբեկում, ենթադրաբար, այն հաշվով, որ մարդիկ խուսափեն ազատորեն արտահայտել իրենց կարծիքը, ինքնագրաքննվեն, չմասնակցեն այն հավաքներին, որոնք անցանկալի են իշխանությունների համար, դադարեն քաղաքացի լինել եւ վերածվեն հարկատու կամակատարների:
«ԱԱԾ-ն քաղաքացուն առանց ծանուցագրի հրավիրելով ոչպաշտոնական հարցաքննության, կատարել է անօրինական գործողություն, ինչը պետք է իրավական եւ քաղաքական գնահատականների արժանանա հասարակական, քաղաքական ուժերի եւ ՀՀ գլխավոր դատախազության կողմից:
ՀՀ ԱԱԾ ղեկավար Գ.Կուտոյանից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ԱԱԾ-ի կողմից «ՆԿՎԴ-ԿԳԲե-ի գործելաոճը, թույլ չտալու համար քաղաքացիների նկատմամբ ապօրինություն, դադարեցնել քաղաքացիների ահաբեկման պրակտիկան, վարչական քննության ենթարկել Վահան Արծրունու հետ կապված այս միջադեպը եւ պատասխանատվության ենթարկել զանցառուներին: ԱԱԾ պաշտոնյաները պետք է գործեն բացառապես ժողովրդավարական եւ իրավական պետության սկզբունքներին համապատասխան, հասկանան, որ ՀՀ ազգային անվտանգության հենքը ազատ քաղաքացիներն են եւ նրանցով ստեղծված իրավական պետությունը, եւ ոչ թե վերադաս իշխանությունը ու իրավազուրկ քաղաքացին: Ազգային անվտանգության հաստատման համար հարկավոր է քաղաքացուն պաշտպանել անօրեն իշխանությունից եւ ոչ թե անօրեն իշխանությանը՝ ազատ քաղաքացիներից»,- ասված է հայտարարության մեջ:
Այս առնչությամբ այսօր ՀՀ Ազգային ժողովում հայտարարությամբ է հանդես եկել նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով նույնպես քննադատության է ենթարկել ԱԱԾ մեթոդները և պահանջել դադարեցնել անօրինականությունը: Նա նաև այս փաստը որակել է՝ որպես մարդու իրավունքների խախտում և քաղաքական հետապնդում: