Արմինֆո.Ընթացիկ տարվա ապրիլին զորքերի շփման գծում ռազմական գործողությունները հանգեցրեցին մեծ թվով զոհերի և ցույց տվեցին, որ հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ չկա: Այդ մասին «Թրենդին» հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նրա ասելով, ապրիլի բախումներից հետո կողմերն, ընդհանուր առմամբ, պահպանում են հրադադարի ռեժիմը, և բանակցությունների սեղանին արդեն կան առաջարկություններ, որոնք կարող են հանգեցնել հակամարտության կարգավորման: «Այս տարի մենք տեսանք բանակցություներում առաջընթացի հասնելու նոր փորձեր, մասնավորապես, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում, մենք ակնկալում ենք, որ կողմերը այսուհետև էլ կառուցողականորեն կաշխատեն միասին` գործընթացը տեղից շարժելու համար», - նշել է նա:
Ընդ որում Ուորլիքը դժվարացել է ասել, թե իրադարձությունների ինչպիսի զարգացումներ կլինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ` Դոնալդ Թրամպի նախագահության շրջանում: «Չեմ կասկածում, որ ԱՄՆ կառավարությունը հավատարիմ կմնա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին` համանախագահող երկրների աջակցությամբ», - հայտարարել է Ուորլիքը:
Նա նաև նշել է, որ նոր համանախագահի անունը հայտնի կլինի մոտ ապագայում, այն բանից հետո, երբ դեկտեմբերի 31-ին ինքը կլքի զբաղեցրած պաշտոնը: