Արմինֆո.Մի քանի օր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել էին հաղորդում այն մասին, թե Երուսաղեմի Սբ, Հովհաննեսի ինքնիշխան ուխտը` O.S.J. Մալթայի ասպետները (The Sovereign Order of Saint John of Jerusalem - Knights of Malta O.S.J.) հանդես են եկել, այսպես կոչված, Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ, որոնք որակվում են «ցեղասպանության ակտ» և «20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկը»:
Թյուրըմբռնումից խուսափելու համար միանգամից նշենք, որ այդ ուխտը ոչ մի առնչություն չունի հնագույն քրիստոնեական ուխտի` Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի հետ, որի արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի վերջին ժամանել էր Հայաստան` պետական այցով: Փոքրիկ հետազոտության արդյունքում պարզվեց, որ խոսքը վերաբերում է ավելի քան 20 ուխտերից մեկին, որոնք հավակնում են ասպետական ուխտի կոչման, սակայն չեն ճանաչվել այլ երկրների կամ միջազգային կազմակերպությունների կողմից:
Ըստ էության, դա, ընդամենը, հասարակական կազմակերպություն է, որը, դժբախտաբար, դարձել է հակահայկական քարոզչության գործիք Ադրբեջանի իշխանությունների ձեռքին, որոնք ռեսուրս չեն խնայում և ամեն եղանակ կիրառում են հայերի նկատմամբ ատելություն և անհանդուրժողականություն տարածելու նպատակով: Ինչ վերաբերում է բուն բանաձևին, կարծում ենք, այդ հասարակական կազմակերպության աշխատակիցների համար ավելորդ չի լինի, նախքան ադրբեջանական քարոզչության բազմաթիվ կեղծ կանխադրույթներ պարունակող որևէ փաստաթուղթ ընդունելը, ծանոթանալ Աղդամի մոտ տեղի ունեցած ողբերգության իրական փաստերին, քանզի տարիներ շարունակ այդ ողբերգությունը պաշտոնական Բաքվի «բրենդն» է, որով Ադրբեջանի իշխանությունները ձգտում են քողարկել սեփական ոճրագործությունները, մասնավորապես, Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում հայերի կոտորածները:
Մալթայի ասպետների համար ավելորդ չի լինի նաև իմանալ, որ Բաքուն նույնիսկ չի մտածել անաչառ և մասնագիտական հետաքննություն նախաձեռնել 1992 թվականի փետրվարի վերջի իրադարձությունների առնչությամբ, իսկ թարմ հետքերով հետաքննության համար ստեղծված հատուկ խորհրդարանական հանձնաժողովը հապճեպ կազմալուծվել է, նյութերը գաղտնիացվել են, իսկ այն լրագրողները, ովքեր փորձել են հետաքննել այդ գործը, երկար ժամանակով հայտնվել են ճաղերի հետևում: Եվ, վերջապես, ամենևին չէր խանգարի ծանոթանալ Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի հարցազրույցին, ով անկեղծորեն խոստովանել է, որ Խոջալուի խաղաղ բնակիչներն Աղդամի մոտ Ադրբեջանի ներքաղաքական ինտրիգների զոհ են դարձել: