Արմինֆո.Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության անհրաժեշտությունը պայմանավորելով անվտանգությամբ՝ Հայաստանի իշխանություններն իրենց հաշվիների մեջ սխալվել են: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (AIISA) ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
«Այսօր արդեն գրեթե բոլորը շատ լավ տեսնում են, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն ապրիլյան պատերազմից մեզ չփրկեց: Եվ այսօր մենք արդեն Ղարաբաղում նոր էսկալացիայի վտանգի տակ ենք հայտնվել: Այս առումով, կարծում եմ, ԵՏՄ-ին անդամակցությունը ոչ միայն չի նպաստում մեր երկրի ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանը, այլ նաև զգալիորեն սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը՝ տոտալ վերահսկողության ենթարկելով Երևանին»,- նշել է նա:
Այս առումով վերլուծաբանը նշել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցման հետևանքով Երևանի և Բրյուսելի, ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ «առկախված» հարաբերությունները, որոնցում, ըստ նրա, վերջին տարիներին բացակայում են տեղաշարժերը: Սաֆարյանը նաև համոզմունք է հայտնել, որ այդ բացասական միտումի շարունակումը զգալի ռիսկեր է պարունակում Հայաստանի համար, առաջին հերթին՝ անվտանգության ապահովման հետ կապված: