
Արմինֆո.«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրինագծի պարտադիր բաղադրիչը, որը նախատեսում է Հայաստանի քաղաքացիների կողմից ասմական 1000 դրամ պարտադիր մուծում հատուկ հաշվին, կմնա անփոփոխ: Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտկան հանձնաժողովին նիստում:
Նրա ասելով, պարտադիր բաղադրիչը կօգնի ավելացնել հիմնադրամ ուղղորդվող միջոցները, «որը գործելու է քաղաքացիների համար առավելագույնս պարզ և հասկանալի մեխանիզմով, ինչը կբարձրացնի դրա նկատմամբ հանրային վստահությունը»: Նախարարը նաև հավելել է, որ աշխատանքներ կտարվեն քաղաքացիների մուծումներից զատ ավելի էական միջոցներ ներգրավելու համար:
Սարգսյանը նշել է, որ օրինագծում կատարվել են որոշ ուղղումներ, մասնավորապես, հիմանդրամը կազատվի շահութահակի, ԱԱՀ վճարումից, ինչպես նաև` պետական տուրքերից և օրենսդրությամբ սահմանված այլ վճարումներից: Նա նշել է որ հիմնադրամի միջոցների վրա չի կարող տարածվել հարկադրաբար առգրավումը, չի գործի որևէ սահմանափակում, չի կիրառվի կալանք:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը նոյեմբերի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» եւ կից օրինագծերի փաթեթը: Փաստաթուղթը նախատեսում է, որ զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքները կստանան միանվագ 10 մլն դրամ ապահովագրական վճար: 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողին կհատկացվի միանվագ 5 մլն դրամ ապահովագրական վճար: Զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական ապահովագրական վճարները կկազմեն` 300 հազար դրամ սպայական անձնակազմի, 250 հազար դրամ ենթասպաների և 200 հազար դրամ շարքայինների դեպքում: Երկրորդ կարգի հաշմանդամների դեպքում այդ վճարները համապատասխանաբար կկազմեն 250, 200 և 150 հազար դրամ: Այդ գումարը, որպես ապահովագրական վճար, կվճարվի 20 տարի շարունակ՝ կազմելով սպայական անձնակազմի համար 82 մլն դրամ, ենթասպայական անձնակազմի պարագայում՝ 70 մլն դրամ և շարքայինների դեպքում՝ 58 մլն դրամ: Հաշմանդամների պարագայում, հիմնադրամի արդյունավետ գործունեության և ֆինանսական միջոցների առկայության դեպքում, հիմնադրամի խորհուրդը կկարողանա 20 տարի անց որոշում կայացնել այդ վճարումների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: Հակառակ դեպքում, 20 տարի անց հաշմանդամ զինծառայողները կսկսեն ստանալ սոցիալական ապահովության նպաստ՝ այն չափով, որքան պետության կողմից այդ ժամանակ սահմանված կլինի: Ծրագիրը ֆինանսավորվելու է հատուկ հիմնադրամի միջոցով, որին աշխատող յուրաքանչյուր անձ ամսական վճարելու է հազար դրամ: Հիմնադրամը նաև հավաքագրելու է կամավոր նվիրաբերություններ: Գումարը ծախսվելու է բացառապես ապահովագրական վճարները վճարելու նպատակով: Ձևավորվելու է ծրագրի խորհուրդ` հասարակության հարգանքն ու վստահությունը վայելող անձանցից, որը վերահսկելու է հասարակության համար ևս ամբողջությամբ թափանցիկ և հրապարակային այդ գործընթացը: