Արմինֆո.Համբուրգում ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստից հետո հրապարակված Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարությունը նախորդներից տրաբերվում էր իր կոշտությամբ: Դեկտեմբերի 12-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
«Չնայած այն հանգամանքին, որ միջնորների հայտարարությունը հասցեական չէր, դրա շեշտադրումները, այն թվում` ապրիիլյան իրադարձությունների, քաղաքացիական բնակչության նկատմամբ վայրագությունների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի ընդլայնման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ, մատնացույց են անում բացառապես Ադրբեջանին», - կարծում է քաղաքագետը:
Խոսելով, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակի մասին, փորձագտն ընդգծել է, որ Հայաստանի համար կարևոր դեր է խաղում ռազմական և ռազմատեխնիկական բաղադրիչը, որը 2016 թվականին լրջորեն ուժեղացվել է: «2016 թվականը մոտենում է ավարտին, և այն բացասական կանխատեսումները, որոնք արվում էին տարեսկզբին, բարեբախտաբար, չիրականացան: Սակայն, ես կարծում եմ, որ այսօր հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքի աստիճանը պահպանվում է նույն մակարդակում` ինչ ապրիլին», - նշել է քաղաքագետը: Միևնույն ժամանակ, փորձագետը կարծում է, որ տեսանելի ապագայում հարկ չկա տեղաշարժ ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարների վերջին հայտարարությունում նրանք կրկին հավատարմություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը` բանակցությունների հիման վրա: Ընդ որում հակամարտող կողմերին կոչ է արվում խստորեն հետևել 1994-1995 թվականների հրադադարի համաձայնագրերին պահպանել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները: Միջնորդները նաև հիշեցնում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների, մասնավորապես, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքների վրա, ինչպես նաև համանախագահող երկրների նախագահների առաջարկած հավելյալ տարրերի վրա, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ ադրբեջանական վերահսկողությանը, Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ, որն ապահովում է անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող միջանցք, հետագայում Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի սահմանում` պարտադիր իրավաբանական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով, ներքին տեղահանված բոլոր անձանց և փախստականների` իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունք և անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություններ: