
Արմինֆո. Արցախի տարածքների հանձնման հարցին գնահատական տալիս` հարկավոր է հստակ իմանալ դրա դիվանագիտական ենթատեքստը և հնարավորություն ունենալ ծանոթանալու այդ հարցի շուրջ բոլոր դիվանագիտական պայմանավորվածություններին, կարծում է միջազգային իրավունքի փորձագետ Րաֆֆի Գալֆայանը (Ֆրանսիա):
«Ընդհանուր առմամբ, տարածքների խնդիրը բավականին նուրբ հարց է, և դրա մասին հիշատակումը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների արտգործնախարարների վերջին հայտարարությունում` առանց Լեռնային Ղարաբաղի իրավաբանական կարգավիճակի վերջնական սահմանման խնդրի որևէ հիշատակման, ընդհանուր առմամբ, զգաստացնում է», - նշել է նա:
ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների արտգործնախարարներն իրենց վերջին հայտարարությունում կրկին հավատարմություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը` բանակցությունների հիման վրա: Հայտարարությունում նաև Երևանին ու Բաքվին կոչ է արվում խստորեն հետևել 1994-1995 թվականների հրադադարի համաձայնագրերին:
Փորձագետի գնահատմամբ, իրենց հայտարարությունում Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ արտգորիծնախարարներն օգտագործել են բավականին սուր արտահայտություններ, ըստ երևույթին, հակամարտող կողմերի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով: Միևնույն ժամանակ, Գալֆայանը կարծում է, որ հայտարարության ենթատեքստն, այնուամենայնիվ, վկայում է, որ այն հասցեագրված է ավելի շատ հակամարտության հայկական կողմերին: Նա նաև համոզմունք է հայտնել, որ միջնորդների վերջին հայտարարությունում առաջարկվող լուծման մեջ բացակայում է հաշվեկշռվածությունը:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունում նաև ասվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների, մասնավորապես, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքների վրա, ինչպես նաև համանախագահող երկրների նախագահների առաջարկած հավելյալ տարրերի վրա, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ ադրբեջանական վերահսկողությանը, Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ, որն ապահովում է անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող միջանցք, հետագայում Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի սահմանում` պարտադիր իրավաբանական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով, ներքին տեղահանված բոլոր անձանց և փախստականների` իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունք և անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություններ: