Արմինֆո.Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զեկույցներն ապրիլյան պատերազմի և զորակոչի հետ կապված խնդիրների մասին, դատելով նախնական ուսումնասիրությունից, ոչ պրոֆեսիոնալ են և հիմնված են էմոցիաների վրա: Այդ մասին դեկտեմբերի 3-ին լրագրողների համար սեմինարի ժամանակ հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Թե ես, թե պաշտպանության նախարարը, թե փոխնախարարն առանձին անդրադարձել ենք ապրիլյան պատերազմի վերաբերյալ ՀՔԱ գրասենյակի զեկույցին: Պաշտպանության նախարարությունը պաշտոնական պատասխան կտա, ինչպես միշտ է արել»,- նշել է Հովհաննիսյանը:
Նա ընդգծել է, որ պաշտպանական գերատեսչությունը պաշտոնական պարզաբանմամբ հանդես կգա նաև զորակոչի հետ կապված խնդիրների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի զեկույցի առնչությամբ: «Սաքունցը պարբերաբար մի քանի տասնյակ բողոք է հավաքում յուրաքանչյուր զորակոչից հետո, և դրանցից մի քանիսը հաստատվում են: Նույնիսկ եթե հաստատվում են զորակոչի ընթացքում բացթողման մի քանի դեպք, դա արդեն վկայում է կատարված աշխատանքի մասին, ինչի համար շնորհակալ ենք նրանց»,- ասել է Հովհաննիսյանը:
Նշենք, որ երկու շաբաթ առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զեկույց է ներկայացրել ապրիլյան պատերազմի մասին, որում ներկայացվել են ընթացիկ տարվա ապրիլին մարտական գործողությունների ընթացքում բացթողումները: Նախօրեին գրասենյակը ևս մեկ զեկույց է ներկայացրել զորակոչ անցկացնելու ժամանակ բացթողումների մասին: