Արմինֆո.Բելառուսի իր պաշտոնակից Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Ադրբեջանն ստեղծել է իր հայրը` նախագահ Հեյդար Ալիևը, հիշեցնում է այն իրավիճակը, երբ ֆուտբոլիստը գոլ է խփում սեփական դարպասը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանոնվը:
«Ալիևի վերջին հայտարարությունը վկայում է նախկինում արված նրա այն հայտարարությունների սնանկության մասին, թե Լեռնային Ղարաբաղը և, անգամ, 2792-ամյա պատմություն ունեցող Երևանը Ադրբեջանի պատմական տարածք են: Եթե, ինչպես վկայում է կրտսեր Ալիևը, Ադրբեջանն ստեղծել է իր հայրը` ավագ Ալիևը, ապա դրա պատմությունն ընդգրկում է 2 տասնամյակից քիչ ավելի: Կարծես թե` այս անգամ Ալիևը գոլ է խփել սեփական դարպասը», - նշել է Շարմազանովը:
Խոսելով Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի պարբերաբար սրման մասին` Շարմազանովը ենթադրել է, որ դա կարող է լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում իր նկատմամբ գործադրվող ճնշմանը Բաքվի դիմադրության արդյունք: «Չէ որ Ալիևը վերջերս խոստովանել էր, որ բանակցություններում Բաքվի նկատմամբ ճնշում է գործադրվում: Հնարավոր է, Ադրբեջանն այդ եղանակով փորձում է դիմակայել իր նկատմամբ գործադրվող ճնշմանը: Սակայն, ամեն դեպքում, Ադրբեջանի ռազմատենչ եղանակներն անընդունելի են, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և այդ մասին խոսում է ոչ միայն հայկական կողմը, այլև ողջ միջազգային հանրությունը», - ամփոփել է փոխխոսնակը: