Արմինֆո.Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը լայնածավալ միջազգային և գործարար կապեր ունի տարբեր երկրներում, այդ թվում նաև ԱՄՆ-ում: Այս մասին նա հայտարարել է նոյեմբերի 22-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով, նա գերազանց հարաբերությունների մեջ է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերիի հետ: «Ջո Բայդենի հետ ունեմ անձնական հարաբերություններ, մենք կարող ենք նստել և քննարկել զանազան հարցեր: Ջոն Քերիի հետ նույնպես», - ասել է Աբրահամյանը: Այս առումով, ըստ Աբրահամյանի, ինքը երջանիկ մարդ է: «Միշտ երազել եմ օգտագործել իր կապերը Հայաստանի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերություններն ամրապնդելու նպատակով», - ասել է նա:
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, ապա, նրա խոսքով, նա շատ գործարար մարդ է: Ինչպես խոստովանել է Աբրահամյանը, նրա հետ նույնպես ինքն անձամբ ծանոթ է, իսկ նրա գործընկերոջ`Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիի հետ ունի գործարար հարաբերություններ: «Թրամփի ընտրվելուց հետո ես զրուցեցի Ջուլիանիի հետ, և մենք որոշեցինք շուտով հանդիպել Միացյալ Նահանգներում և քննարկել բոլոր տեսակի հարցեր», - ասել է Արա Աբրահամյանը, ընդգծելով, որ ինքը մեծ հույսեր է կապում, որ, տեսանելի ապագայում Ռուսաստանի հետ հարաբերություններում թերեւս ինչ-որ բան կարող է փոխել դեպի լավը: