Արմինֆո. Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը որոշել է չմասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին: Նա այդ մասին հայտարարել է նոյեմբերի 22-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում:
Ա.Աբրահամյանի ասելով, ինքը ցանկանում էր մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին` երկրին ու ժողովրդին օգտակար լինելու համար, սակայն խնդիրներ են ծագել, և ինքը որոշ ժամանակ պետք է բացակայի երկրից: ՌՀՄ ղեկավարի ասելով, ինքը առողջական խնդիրներ ունի, և 6-7 ամիս պետք է բուժվի արտասահմանում: Նա նաև տեղեկացրել է, որ իր կյանքին վտանգ չի սպառնում, և իր առողջական վիճակը ոչ մի կերպ չի անդրադառնա իր աշխատունակության վրա:
Արա Աբրահամյանի հավաստմամբ, Հայաստանի զարգացմանն աջակցության իր ծրագրերը կշարունակվեն: Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր կողմից քաղաքական կուսակցություններին աջակցելու հնարավորությանը, ապա տվյալ պահին Արա Աբրահամյանը պատրաստ չէ պատասխանել այդ հարցին, քանի որ այդ մասին առայժմ չի մտածել: «Ես պետք է մանրամասն ուսումնասիրեմ այն կուսակցության ծրագիրը, որը կձգտի մեզ հետ համագործակցության, քանի որ ես գործի մարդ եմ: Եվ եթե, արդյուքնում, հորիզոնում երևա այն քաղաքական ուժը, որը համապատասխանի իմ ներկայացրած չափանիշներին, ապա ես պատրաստ կլինեմ համագործակցության», - հայտարարել է Արա Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ ՌՀՄ ղեկավարը 2015 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե որոշել է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նա նաև հաղորդել էր, թե դիտարկում է խորհրդարանական ընտրություններին մասնակցության 2 հնարավոր եղանակ. հիմնադրել իր կուսակցությունը կամ միանալ Հայաստանում գործող կուսակցություններից մեկին: Նա նշել էր, որ վերջնական որոշում կկայացնի մարտին, հետո այդ ժամկետը մի քանի անգամ երկարաձգվեց: