Արմինֆո. Վերջին շրջանում Հայաստանի և ԵՄ միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները բավականին հաջող են առաջ գնում: Նոյեմբերի 22-ին Երևանում այդ մասին հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:
Նա հիշեցրել է, որ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է դեկտեմբերին: «Ընդհանուր առմամբ, այն փաստը, որ ստորագրվելու է նման համաձայնագիր, արդեն հաջողություն է և ուղերձ, որը հայկական կողմը հղում է Եվրոպային, Գերմանիային, ԵՄ անդամ մյուս երկրներին: Դա ազդանշան է առ այն, որ Հայաստանը ցանկանում է ընթանալ արդիականցման, բարեփոխումների ճանապարհով, և Եվրամիությունը կարևոր գործընկեր է իր համար: Եվ ես համոզված եմ, որ ԵՄ և անդամ երկրները շահագրգռված են այդ համագործակցությանը նոր ազդակների հաղորդմամբ», - հայտարարել է դիվանագետը:
Նա, միևնույն ժամանակ, կարծում է, որ հենց նման նորությունները կարող են դառնալ կարևոր խթան եվրոպական գործընկերների համար` Հայաստանում տնտեսական նախագծեր իրականացնելու գործում: Նրա ասելով, դա կարող է դառնալ դրական գործոն այդ ոլորտի զարգացման համար:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 12-ին Արտաքին հարաբերությունների խորհուրդը լիազորեց Եվրոպական հանձնաժողովին և Բարձր ներկայացուցչին սկսել բանակցությունները Հայաստանի հետ նոր, պարտադիր իրավական ուժ ունեցող, համալիր համաձայնագրի շուրջ, ինչպես նաև տրամադրեց համապատասխան բանակցային մանդատ։ Բանակցությունների պաշտոնական մեկնարկը տրվեց 2015 թվականի դեկտեմբերի 7-ին։ 2016 թվականի հունվարին արդեն կայացել է բանակցությունների առաջին փուլը, իսկ հոկտեմբերին` հինգերորդ: