Արմինֆո. Մինչև քաղաքական կյանքի շրջանակներից հայոց բանակի դուրս բերումը նրա զարգացման ոչ մի գործիք չի աշխատի` ներառյալ նորարարականը, ՏՏ տեխնոլոգիաները: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
«Հայաստանի ԶՈՒ արդյունավետության մակարդակի բարձրացմանը խոչընդոտող հիմնական պատճառն այլ միջոցներով քաղաքականությունը շարունակելու հակասականությունն է Հայաստանի համար ռազմական սպառնալիքների առկայությանը, որոնք պահաջում են, որպեսզի բանակը գտնվի քաղաքականությունից և քաղաքական կյանքից դուրս», - նշել է նա:
Վերլուծաբանն ընդգծում է, որ Սերժ Սարգսյանը, որպես քաղաքական գործիչ, չի ձգտում բանակը դուրս բերել քաղաքական խաղի սահմաններից, ինչը հանգեցնում է բարձրագույն հրամատարական պաշտոններում ոչ թե ռազմական, այլ քաղաքական տրամաբանության հիման վրա նշանակումների: Մինչդեռ գոյություն ունեցող սպառնալիքները, նրա գնահատմամբ, պահանջում են բանակի նկատմամբ միանգամայն այլ վերաբերմունք: Սակայն, բանակի նկատմամբ վերաբերմունքը փոխելուն պատրաստ չլինելու հանգամանքի բերումով իշխանական վերնախավը ստիպված է ստեղծել բանակի նկատմամբ վերահսկողության պահպանման գործիքներ. ռազմական ոստիկանության չտեսնված լիազորություններ, բարձրագույն ռազմական հրամատարության կաշառում և այլն:
Արզումանյանը կարծում է, որ վերջերս պաշտպանության նախարարի հռչակած ազգ-բանակ նոր հայեցակարգն իր բնույթով իսկ պետք է հաղթահարեր այդ հակասությունը, դուրս բերեր բանակը` այն դարձնելով իր նշանակությամբ ավելի մեծ տարր, քան քաղաքականությունը: Սակայն, իշխանության ղեկին մնալու բնազդը շատ արագ ամեն ինչ իր տեղը դրեց, և գաղափարն սպանեցին թռիչքի պահին` առաջին իսկ 1000 դրամանոց նախաձեռնությամբ, ինչը, վերլուծաբանի, կարծիքով, միանգամայն սպասելի էր: