

Արմինֆո. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Sky News Arabia»-ին հարցազրույցում հայտարարել է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների բացակայության մասին:
«Մենք այսօր փաստորեն որևէ հարաբերություններ չունենք Անկարայի հետ: Մենք մի քանի տարի առաջ հանդես եկանք նախաձեռնությամբ՝ Թուրքիայի հետ հաստատել հարաբերություններ առանց որևէ նախապայմանի: Տևական բանակցություններից հետո մենք Շվեյցարիայում փաստաթուղթ ստորագրեցինք, ընդ որում փաստաթղթի ստորագրմանը ներկա էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների արտգործնախարարները՝ գրեթե ամբողջական կազմով: Նրանք վկա էին այդ փաստաթղթի ստորագրմանը: Բայց այդ փաստաթուղթը ենթադրում էր վավերացում զգային խորհրդարանների կողմից: Սակայն, ցավոք սրտի, Թուրքիայի ղեկավարությունը հրաժարվեց այդ փաստաթուղթը վավերացնել: Մենք շատ ջանք էինք ներդրել, որպեսզի այդ փաստաթուղթը իրականություն դառնա: Ես մեկ շաբաթվա ընթացքում շրջել եմ գրեթե ամբողջ աշխարհով մեկ, հանդիպել հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ՝ Լիբանանից մինչև Լոս Անջելես, մինչև Նյու Յորք, մինչև Դոնի Ռոստով, բայց այնուհանդերձ թուրքական ղեկավարության՝ չգիտեմ ինչ-ինչ պատճառով բռնած դիրքորոշումը բերեց նրան, որ այդ փաստաթուղթը մինչև հիմա այնտեղ որոշակի դարակներում է: Մենք այլևս քայլ անելու որևէ առիթ կամ հնարավորություն չունենք, որովհետև գնդակը գտնվում է թուրքերի դաշտում, և նրանք են, կարծում եմ, որ հիմա պետք է քայլ կատարեն»,- ասել է Սարգսյանը:



