Արմինֆո. Արաբական աշխարհը և առաջին հերթին Էմիրություններն ունեն հսկայական ներդրումային ներուժ, հայտարարել է Սերժ Սարգսյանը «Sky News Arabia»-ին հարցազրույցում:
Ինչպես հայտարարել է Սարգսյանը, կան հարաբերություններ, որոնց մասին հնարավոր չէ խոսել առանց ջերմության, և այդպիսի դեպքերից մեկն էլ հենց հայ-արաբական հարաբերություններն են, այդ թվում՝ հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: « Հայերն ու արաբները իրար ճանաչում են, համագործակցել են շատ երկար տարիներ, և պատահական չէ, որ հայ ժողովրդի մասին մենք պատմական տեղեկություններ ենք քաղում շատ պարագաներում արաբ հեղինակներից և հակառակը: Եվ Հայաստանի անկախացումից հետո հաստատված միջպետական հարաբերությունները շատ կայուն են և զարգանում են մեզ համար ցանկալի հունով»,- հայտարարել է Սարգսյանը: Ըստ որում, ինչպես նշել է նախագահը, շատ ճիշտ կլինի տարբերակել երկու հարթություն, այսինքն՝ հասարակական և միջպետական: Նրա խոսքով, Հայաստան-ԱՄԷ միջպետական հարաբերությունները կառուցվում են մեր երկու ժողովուրդների ամուր բարեկամության հիմքերի վրա:
«Շատ օրինակներ կարելի է պատմությունից բերել, բայց ես ընդամենը մեկ օրինակ եմ ուզում բերել և ասել, որ հայ ժողովրդի ամենաողբերգական էջերից մեկի ժամանակ՝ 1915 թվականին և ընդհանրապես դրանից առաջ էլ, հետո էլ Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության ժամանակ մեր արաբ քույրերն ու եղբայրներն իրենց դրսևորեցին շատ դրական կողմերով՝ ձգտելով ամեն անգամ փրկել հայերի կյանքը: Բացի դրանից, նրանք հնարավորություն տվեցին հայերին բնակվելու իրենց երկրներում և այդ հնարավորության հետ միասին նաև խրախուսեցին նրանց զարգացումը: Մենք այս առումով մշտապես երախտապարտ ենք: Եվ հիմա էլ մեր հարաբերու¬թյունները շատ լավ են զարգանում: Արաբական աշխարհը և առաջին հերթին Էմիրություններն ունեն հսկայական ներդրումային ներուժ: Մենք ունենք ներդրումները կլանելու ներուժ: Եվ այս ներուժերը միացնելու, շատ ամուր իրար կապելու արդյունքը կարող է լինել շատ դրական: Ունենք արդեն առաջին արդյունքները: Շատ ուրախ եմ, որ այսօր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին շատ բարձր մակարդակով տեսանելի ապագայում Միացյալ Էմիրություններում անցկացնել ներդրումային մի մեծ ժողով, որպեսզի արաբ ներդրողները տեսնեն Հայաստանի ներդրումային առավելությունները: Մենք բազմաթիվ այլ պայմանավորվածություններ ենք այսօր ձեռք բերել, որ աշխատելու են ի նպաստ մեր երկու ժողովուրդների բարեկամության»,- ասել է Սարգսյանը: