
Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան չի հասկանում, թե ինչպես Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, Հայաստանի հետ միացյալ զորախումբ է ստեղծում: Նրա խոսքով, եթե Պուտինը ցանկանում է ապացուցել, որ Ռուսաստանը հիմնական խաղացող է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, նա չպետք է նման քայլեր կատարի: «Թե Ադրբեջանը, թե Հայաստանը պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և քննարկումներ սկսեն»,- նշել է Բրայզան, հայտնում է ԱՊԱ-ն:
Միաժամանակ նա դժվարացել է ասել, թե ինչպես կընթանա Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման գործընթացը: «Այդ մասին նույնիսկ Աստված չգիտի: Եթե ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մտածի խաղաղության մասին, կարելի է առաջընթացի հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում: Բայց մենք չգիտենք, թե ինչ է նա մտածում: Ակնհայտ է մեկ բան. առանց նախագահների և արտգործնախարարների հանդիպման, հակամարտությունը խաղաղ ճանապարհով չի լուծվի»,- ասել է Բրայզան:
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն է ստորագրել, որով հավանություն է տվել Հայաստանի հետ միացյալ զորախմբի շուրջ համաձայնագրին: Համաձայնագրի նախագծում ասվում է, որ Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորումն ի զորու կլինի ապահովելու «համարժեք արձագանքում զինված հարձակումներին (ագրեսիային), ինչպես նաև այլ մարտահրավերներին և կողմերի անվտանգության համար սպառնալիքներին: Ըստ նախագծի, երկու պետությունների պաշտպանության նախարարությունները կմշակեն և իրենց գերագույն գլխավոր հրամանատարների հաստատմանը կներկայացնեն միացյալ խմբավորման կիրառման պլանավորման վերաբերյալ առաջարկություններ: Նրանք էլ կորոշեն խմբավորման կազմը: «Խաղաղ ժամանակ ՀՀ ԶՈՒ կառույցում կգործի ԶՈՒ ներկայացուցիչներից բաղկացած միացյալ զորախմբի հրամանատարություն` կրճատ կազմով», - ասվում է համաձայնագրի նախագծում: Փաստաթղթում նաև նշվում է, որ ագրեսիայի անմիջական սպառնալիքի շրջանում և պատերազմական ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցություն կազմակերպելու համար լիազոր մարմինները (պաշտպանության նախարարությունները - ՏԱՍՍ) նախատեսում են օպերատիվ խմբեր ուղարկել ՌԴ հարավային զինվորական օկրուգի շտաբ և Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբ:
Ըստ համաձայնագրի նախագծի, միացյալ զորախմբի հրամանատարին կնշանակի Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարը` ՌԴ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի համաձայնությամբ: Խաղաղ ժամանակ զորախմբավորումը կենթարկվի Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետին, իսկ պատերազմի ժամանակ նաև ՌԴ հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարին` «կախված ստեղծվող իրադրությունից»: Փաստաթղթում նաև ասվում է, որ կողմերն ինքնուրույն են իրականացնելու միացյալ զորախմբի կազմին հատկացված իրենց զորքերի նյութատեխնիկական և ֆինանսական ապահովումը: Համաձայնագիրը, որն ուղղված չէ երրորդ պետություննմերի դեմ, նախատեսվում է կնքել հինգ տարով` հաջորդ հնգամյակներին ինքնըստինքյան երկարաձգման պայմանով, եթե կողմերից որևէ մեկը նման համագործակցությունը դադարեցնելու ցանկություն չի հայտնում: