Արմինֆո. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համոզված է, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների բարելավման հարցով հարկավոր է դիմել թուրքական կողմին:
«Ցավոք, այդ հարցը նույնպես պետք է ուղղվի ոչ ինձ, որովհետև դեռ 2008 թվին թուրքերին առաջարկեցին թարմացնել բանակցային գործընթացը, որը դանդաղ էր առաջ գնում և արդեն 2009 թ.-ին հանգեցինք երկու արձանագրությունների ստորագրմանը։ Ցյուրիխում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների երեք արտգործնախարարների ներկայությամբ ստորագրեցինք այդ երկու արձանագրությունները», - հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում ։
«Դժբախտաբար, որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ թուրքերը պատրաստ չեն վավերացնել արձանագրությունները և փաստացի պատրաստ չեն հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ առանց նախապայմանների։ Նրանք սկսեցին նախապայմաններ առաջադրել՝ Հայաստանը թող համոզի Լեռնային Ղարաբաղին, որ Ադրբեջանին հանձնեն թեկուզ մեկ, ինչպես իրենք էին ասում՝ «բռնազավթված» շրջան։
Այսինքն, անվտանգության գոտու մի մասը։ Այդ ժամանակ թուրքերը պատրաստ էին
հարաբերություններ հաստատել, բացել սահմանը։ Քանի որ մենք պայմանավորվել ենք, և երկու արձանագրությունների փաստաթղթերում հստակ գրանցված է, որ հարաբերություններ ենք հաստատում առանց նախնական պայմանների, այդ ժամանակ մենք ասացինք. «Կներեք, այդ մասին կարելի էր խոսել մինչև ստորագրումը, այսինքն, բանակցային գործընթացի ժամանակ։ Դրանից հետո մենք Թուրքիայի հետ որևէ հարաբերություններ չունենք։ Եթե հանդիպում ենք միջազգային համաժողովների ընթացքում, բարևում ենք միմյանց և վերջ», - հայտարարել է Սարգսյանը։
Ընդ որում նա համաձայնել է այն պնդմանը, որ պետք է առաջ շարժվել։ «Իհարկե, իսկ ուրիշ ի՞նչ անել, ասեք։ Այո, մինչև 2009 թվականը մեր մի քանի բարեկամները
խոսում էին այն մասին, որ մենք ունենք ցեղասպանության բարդույթ, որ մենք ուղղակի չենք ցանկանում ինչ-որ հարաբերություններ հաստատել թուրքերի հետ, քանի դեռ նրանք չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Բայց մենք գնացինք դրան։ Դուք հասկանում եք իմ դրությունը, այդ ժամանակ ես շրջեցի գրեթե ամբողջ աշխարհով` հանդիպելով հայ սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Փարիզում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում Հայաստանի նախագահի դեմ հազարավոր հայազգի քաղաքացիներ են դուրս գալիս և բողոքում, պահանջում են չստորագրել այդ արձանագրությունները։ Ես աշխատում էի, համոզում, խնդրում։ Արդյունքում ստորագրեցինք, բայց նրանք իրենց պարտավորությունները չեն կատարում։ Էլ ի՞նչ անել։ Տեղի տալ և ասել. «Այո, եկեք անվտանգության գոտին հանձնենք Ադրբեջանինե, իսկ Թուրքիան կբացի
սահմանները։ Իսկ հետո՞։ Երեք ամիս, մեկուկես տարի, երեք տարի հետո կլինի ինչ-որ
հակամարտություն, կրկին կփակի։ Դա կախված չէ մեզանից։ Ես միշտ ասում եմ, որ ցանկացած հարսանիք և ընտանիքի ստեղծում պահանջում է երկուսի համաձայնությունը։ Այստեղ չի կարելի ասել, որ հարցը 50 տոկոսով լուծված է, դա այդ դեպքը չէ։ Այդ առումով մեզանից ոչինչ կախված չէ», - ամփոփել է Սարգսյանը։