Արմինֆո. Երևանը ճիշտ վարվեց` միանալով ԵԱՏՄ-ին: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում:
Ընդ որում նա հավելել է, որ Հայաստանը ոչինչ չի կորցրել այդ քայլից: «Հայաստանի համար ԵՏՄ-ին անդամակցելը համընկավ պատժամիջոցների հետևանքով այդ միության հիմնական շարժիչ ուժի` Ռուսաստանի Դաշնության տնտեսական իրավիճակի վատթարացման հետ։ Բնականաբար, մեր տնտեսությունը շատ փոքր է և մենք հազարավոր թելերով կապված ենք ռուսական տնտեսության հետ։ Ուստի, արտաքին բացասական ազդեցությունները, իհարկե, բացասական են ազդել մեր ցուցանիշների վրա։ Բայց ես համոզված եմ, որ մենք ճիշտ ենք վարվել, ոչինչ չենք կորցրել, այլ ձեռք ենք բերել։ Մեկ-երկու տարի հետո ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիները (առաջին հերթին՝ փոքր տնտեսություն ունեցող պետությունների քաղաքացիները) կզգան դա։ Կարող եմ մի քանի օրինակ բերել։ Մենք երեքմիլիոնանոց շուկա ունենք։ Դա շատ փոքր շուկա է։ Դառնալով Եվրասիական տնտեսական միության անդամ` մենք դարձանք 170-միլիոնանոց շուկայի մաս։ Եթե մենք, ի վերջո, հասնենք այն նպատակներին, որոնք դրված են ԵՏՄ հիմքում, իսկ դա ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ շրջանառությունն է, ապա մենք կշահենք», - նշել է Սարգսյանը։