Արմինֆո. Հայաստանը ճանաչում է ցանկացած պետության, այդ թվում` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյայի» գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում։
«Բայց ժողովուրդների ինքնորոշումը ոչ մի կերպ չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին, որովհետև տարածքային ամբողջականությունը վերաբերում է պետությունների միջև հարաբերություններին, իսկ ինքնորոշումը` մայրաքաղաքին և ժողովրդին, որը կոմպակտ բնակվում է քաղաքակիրթ աշխարհում: Եթե մենք մերժում ենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում չպետք է դուրս գայինք Խորհրդային Միության կազմից, չէ՞ որ դա տեղի ունեցավ այդ սկզբունքի հիման վրա։ Այդ պատճառով այս սկզբունքները միմյանց չեն հակասում»,- ասել է ՀՀ նախագահը:
Սարգսյանը հիշեցրել է, որ Երևանը և Բաքուն մի քանի անգամ մոտ էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ փաստաթղթի ստորագրմանը, որում արտացոլված կլինեին բոլոր հիմնարար սկզբունքները: «Այսինքն` Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այժմ զբաղեցված են որպես անվտանգության գոտի, այն տարածքները,
որոնց մասին ադրբեջանցիներն ասում են, թե դրանք օկուպացված են: Բայց այնտեղ առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով։ Այդ ազատ կամարտահայտումը պարտադիր իրավաբանական ուժ ունի, այնուհետև գրված էր, թե ով է մասնակցում, ինչպիսին է օրակարգը։ Այսինքն` հանրաքվե։ Դա ինքնորոշման սկզբունքի մարմնավորումն էր, բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը նոր պահանջներ էր ներկայացնում»,- փաստել է ՀՀ նախագահը:
Նրա խոսքով, հայկական կողմը մինչև այժմ պատրաստ է վերադառնալ նման փաստաթղթին, սակայն դա ոչինչ չի նշանակում, քանի որ նման դեպքերում պետք է պատրաստ լինեն կողմերը, այլ ոչ թե՝ մեկ կողմը։
Սարգսյանը նաև ավելացրել է, որ ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ կողմերի միջև կա զրոյական վստահություն, վստահություն չկա բացարձակ: