


Արմինֆո. Հայաստանում ռուսական «Իսկանդեր» հրթիռային համալիրների տեղակայումը հարկադիր միջոց էր, որը նպատակաուղղված էր տարածաշրջանում կայունության պահպանմանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` «Ռոսիա սեգոդնյայի» գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում։
«Կարծում եմ, որ դա հարկադիր միջոց էր` մեր տարածաշրջանում ռազմական իրավիճակը ինչ–որ կերպ հավասարակշռելու նպատակով։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը վերջին մի քանի տարվա ընթացքում կանոնավոր կերպով նորագույն սպառազինություններ է գնում։ Մենք նման հնարավորություններ չունենք, ինչպիսին որ Ադրբեջանն ունի, ես նկատի ունեմ ֆինանսական հնարավորությունները, բայց մենք ամբողջ ընթացքում ջանում ենք հավասարակշռել իրավիճակը՝ գտնելով դրա հակաթույնը։ Կարծում եմ, որ այս դեպքում «Իսկանդերը» հենց նման հակաթույն է»,– ասել է Սարգսյանը։
Նա ընդսմին հավելել է, որ, անշուշտ, սպառազինությունների մրցավազքը վատ միտում է, եւ Հայաստանը չի ուզում գնալ դրան: «Բայց ինչ անել, եթե քեզ ամեն օր սպառնում են պատերազմով եւ ֆիզիկական բնաջնջմամբ։ Դու պետք է համապատասխան քայլեր ձեռնարկես»,– նշել է ՀՀ նախագահը։
Նա ընդգծել է, որ Երևանն ու Ռուսաստանը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման շուրջ պայմանագիր ունեն։ «Կարծում եմ, որ Ռուսաստանը, ելնելով դրանից, ընդառաջ է գնացել մեր խնդրանքին եւ մեզ է տրամադրել այդ ռազմական իմաստով հիանալի համակարգը։ Իհարկե, հնարավոր է, որ մարդկության համար լավ լիներ, եթե նման համակարգեր երբեք չլինեին, բայց երբ դու ստիպված ես, ապա գնում ես այդ քայլին»,– կարծում է Սարգսյանը։
ՀՀ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանն, ընդհանուր առմամբ, առանցքային դեր է խաղում Կովկասի տարածաշրջանում, այդ թվում՝ խաղաղության եւ կայունության պահպանման գործում։


