
Արմինֆո. «Փարկինգ-Սիթին» կնվիրվի Երևանի քաղաքապետարանին, նոյեմբերի 16-ին լրագրողներին հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը:
Նրա խոսքով, ի կատարումն նախագահի հանձնարարականի, Երևանի քաղաքապետարանն ավարտել է բանակցությունները «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ`քաղաքային ինքնակառավարման մարմիններին գործառույթները փոխանցելու ուղությամբ, ներառյալ ֆինանսական հոսքերը: Բանակցությունների արդյունքները ներկայացվել են ՀՀ կառավարությանը: Բանակցությունների արդյունքում, հայտարարել է Նիկոյանը, Երևանի քաղաքապետարանը համաձայնվել է որպես նվիրատվություն ձեռք բերել «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ 100% մասնաբաժինը, պայմանով, որ ձեռքբերման պահին ընկերության ակտիվները կգերազանցեն նրա պարտավորությունները, կամ կլինեն դրան հավասար: Այս փաստը պետք է հստակ արձանագրի օտարերկրյա հեղինակավոր աուդիտորական ընկերությունը:
Հաշվի առնելով սարքավորումների արդյունավետ օգտագործումը, որը ներդրված է այդ ծառայութոյւնները տրամադրելու նպատակով, փոխքաղաքապետը նշել է, որ մայրաքաղաքի ղեկավարոթյունը բանակցությունների ընթացքում նախատեսել է նաև «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ ակտիվները «Լոկատոր» ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարման հանձնելու հնարավորությունը: «Արդյունքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման համար անհրաժեշտ ամբողջ գույքը կդառնա համայնքային սեփականություն, իսկ արդեն Երևանի ենթակայությանն անցած ընկերությունը քաղաքապետարանի աջակցությամբ կստանձնի այդ ակտիվներին համարժեք պարտավորությունների մարման գործընթացը»,- ասել է Վահե Նիկոյանը:
Ըստ Նիկոյանի, գործարքի արդյունքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման համար ներդրված ակտիվները կդառնան համայնքային սեփականություն, իսկ ավտոկայանատեղերի տուրքից Երևանի բյուջե հավաքագրվող գումարները (հանած ծախսերը) առաջիկա տարիների ընթացքում կաճեն տարեկան առնվազն 100 մլն դրամով, իսկ դրանից հետո՝ տարեկան առնվազն 400 մլն դրամով, նշել է Վահե Նիկոյանը, հավելելով, որ գործընթացի ամբողջական ավարտի համար կպահանջվի շուրջ 2 ամիս: Ըստ պաշտոնյայի, վճարովի կայանատեղիների գների իջեցում առաջիկայում չի նախատեսվում: