Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրինագծի առնչությամբ իր ամփոփիչ ելույթում հայտարարել է, որ խորհրդարանական քննարկումների ընթացքում իր համար ակնհայտ է դարձել իշխանության հանդեպ ժողովրդի վստահության վերականգնման անհրաժեշտությունը:
Ըստ որում, նախարարն ընդգծել է, որ «մենք՝ որպես ժողովուրդ, չպետք է թույլ տանք, որ անվստահության որդը ներսից կրծի պետության հիմքերը»: Սարգսյանը հավաստիացրել է, որ խորհրդարանական բանավեճերի ընթացքում հնչած առաջարկներից շատերն ընդունելի էին իր համար, և հաշված օրերի ընթացքում դրանք կյանքի կկոչվեն:
Նախարարը համաձայնել է նաև գողացված բյուջետային և պետական միջոցների վերադարձման ու դրանց արդյունավետ օգտագործման վերաբերյալ պատգամավորների փաստարկներին: «Բայց նույնիսկ եթե բոլոր գումարները վերադարձվեն, միևնույն է, այդ օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտություն կա»,- հայտարարել է նախարարը:
Անդրադառնալով ազգ-բանակ հայեցակարգին՝ Սարգսյանը հայտարարել է, որ այն ենթադրում է ԶՈւ ժողովրդավարացում, պետական բոլոր ոլորտներում առաջընթացի ապահովմանը բանակի ներգրավում, «բանակի հանդեպ ժողովրդի խորը սիրուց անցում դեպի այդ կառույցի հանդեպ գիտակցված հարգանք»:
ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» եւ կից օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ: Հատուցման գումարների վճարումն իրականացնելու եւ հավաքագրված դրամական միջոցները կառավարելու նպատակով առաջարկվում է ստեղծել հատուկ կառույց՝ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ, որի դրամական միջոցները կձեւավորվեն յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող դրոշմանիշային վճարներից, հատուկ այդ նպատակով թողարկված արժեթղթերի վաճառքից, հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից, նվիրաբերություններից եւ նվիրատվություններից: Նախատեսվում է, որ սպայի, ենթասպայի կամ շարքային զինծառայողին մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում նրա ընտանիքին կամ նրան միանվագ կհատկացվի 10 մլն դրամ, սպային ամսական կհատկացվի համապատասխանաբար 300 հազար դրամ, ենթասպային՝ 250 հազար դրամ, շարքային զինծառայողին՝ 200 հազար դրամ: Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում սպային կհատկացվի միանվագ 5 մլն դրամ, ամսական հատուցում 20 տարվա ընթացքում՝ 200 հազար դրամ, ենթասպային՝ 5 մլն դրամ միանվագ եւ ամսական 150 հազար դրամ, շարքային զինծառայողին՝ 5 մլն դրամ միանվագ եւ ամսական 100 հազար դրամ: Բոլոր դեպքերում, եթե զինծառայողն ունի 3 կամ ավելի երեխա, ապա, ի լրումն վերոնշյալ գումարների, նրա ընտանիքին յուրաքանչյուր ամիս կվճարվի եւս 100 հազար դրամ: Նախարար Վիգեն Սարգսյանը վստահեցրել է, որ համակարգի կառավարման հետ կապված ծախսերը պետք է հասցվեն նվազագույնի, որպեսզի հավաքագրված միջոցները հասնեն շահառուներին, գործընթացը լինի պարզ եւ թափանցիկ, որպեսզի այն արժանանա հանրության վստահությանը: Նախատեսվում է, որ հատուցման գումարները կվճարվեն 2017 թվականի հունվարի 28-ից հետո տեղի ունեցող հատուցման դեպքերի համար: Պարոն Սարգսյանը տեղեկացրել է, որ 1000-ական դրամ վճարից կազատվեն այն քաղաքացիները, ովքեր ընտանիքում ունեն հաշմանդամ կամ զոհված զինծառայողներ: Բացի այդ, վճարից կազատվեն նաեւ այն ընտանիքները, որոնք ունեն ժամկետային զինծառայողներ, վստահեցրել է Վիգեն Սարգսյանը: Նախարարն ընդգծել է, որ նախագիծն առնչվում է երկրի պաշտպանական քաղաքականությանը, ոչ թե սոցիալական ոլորտին: Նա նշել է, որ օրենքի նախագիծը մշակելիս մանրակրկիտ ուսումնասիրվել է նախադեպային սահմանադրական իրավունքը եւ անդրադարձ է կատարվել ՍԴ համապատասխան որոշմանը: Սարգսյանը հավելել է, որ հիմնադրամը թիրախային է, որեւէ այլ ծրագրի համար այս հիմնադրամից միջոցներ օգտագործվել չեն կարող: Խոսելով հոգաբարձուների խորհրդի կառուցվածքի մասին՝ նա տեղեկացրել է, որ այն բաղկացած կլինի 9 անդամից, որոնցից 3-ը կնշանակվեն ՀՀ կառավարության, 3-ը Կենտրոնական բանկի կողմից, եւս 3 անդամներ էլ կներկայացնեն քաղաքացիական հասարակությունը: