Արմինֆո. Հաջորդ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Երևան կժամանի Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Ինչպես հաղորդում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը, Հայաստանից Ռոուհանին կուղևորվի Ղազախստան, այնուհետև` Ղրղըզստան:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսին Թեհրանում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը Իրանի նախագահը հայտարարել էր առաջիկայում Հայաստան այցելելու մտադրության մասին: Հոկտեմբերի սկզբին ԻԻՀ նախագահի այցի մասին հաղորդել էր ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, ում հավաստմամբ, Ռոուհանիի Հայաստան այցը շրջադարձային կետ կլինի հայ-իրանական հարաբերություններում: Հոկտեմբերի վերջին Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին, իր հերթին, հայտարարել էր, որ Իրանի նախագահը Հայաստան կայցելի ամենամոտ ժամանակներս, սակայն որոշակի ժամկետ չէր նշել: