Արմինֆո. Անվտանգության ոլորտի հանդեպ անվստահությունը բացասաբար է անդրադառնում Պաշտպանության նախարարության առաջարկած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրինագծի վրա: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ-ից պատգամավոր Կարեն Բեքարյանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
Նրա կարծիքով լուրջ խնդիր է առաջացել՝ կապված այն բանի հետ, որ հասարակությունը հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ նախաձեռնությունը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ստիպված կլինի ամեն ամիս հազար դրամ վճարել, ընկալել է՝ որպես ազգ-բանակ հայեցակարգի մարմնավորում: «Հետևաբար՝ մինչև այդ օրինագծի ուժի մեջ մտնելը ՊՆ-ն պետք է բացահայտի հայեցակարգի որքան հնարավոր է ավելի շատ դրույթներ, որպեսզի հասարակությունը հասկանա, թե ինչի մասին է խոսքը, քանի որ հենց այդ հայեցակարգի հետ է կապված ժողովրդի բազմաթիվ դրական սպասումները»,- ընդգծել է նա: Այս առումով պատգամավորը գտնում է, որ ազգ-բանակ հայացակարգի շրջանակներոմ անհրաժեշտ է վերանայել շքեղության հարկի, տարկետման իրավունքի նկատմամբ մոտեցումները, ինչպես նաև ստեղծել տեղեկատվական բազա այն մասին, թե որտեղ, երբ են ծառայել պաշտոնյաների որդիները, և եթե չեն ծառայել, ապա՝ ինչու:
Բեքարյանը նշել է նաև, որ այժմ լուրջ խնդիր է հասարակությունում վստահության բացակայությունը: «Դուք ասում եք, որ նշվեն ԶՈւ միջոցները յուրացնողների անունները, սակայն այդպես խնդիրները չի կարելի լուծել: Անհրաժեշտ է, որ պետությունը դինամիկ տրանսֆորմացիաների միջոցով նվաճի ժողովրդի վստահությունը»,- դիմել է նա պաշտպանության նախարարին: «Պետք է գործեր հարուցվեն իրավախախտումների փաստերի առնչությամբ, որոնք պետք է բարձրացնեն ժողովրդի վստահությունը: Պետք է տեսանելի լինի, թե որքան գողացված միջոցներ են վերադարձվել բյուջե, օրինախախտները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Անհրաժեշտ են գործուն քայլեր»,- ընդգծել է նա:
Նրա կարծիքով, հետագա իրավախախտումները կանխելու համար անհրաժեշտ է փակել բոլոր սողանցքները: «Կան բազմաթիվ դեպքեր, երբ ծառայությունը և բիզնեսը համատեղվում են: Անտեսելով այս հարցերը՝ հնարավոր չէ արդյունքի հասնել»,- ընդգծել է նա:
Պատգամավորն ընդգծել է նաև, որ օրինագիծը և, մասնավորապես, միջոցներ հավաքելը չպետք է նախադեպ հանդիսանա: Նրա կարծիքով, կառավարության ղեկավարը պետք է հանդես գա այդ առնչությամբ պարզաբանմամբ: