Արմինֆո. ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը կառավարությանն առաջարկել է իրական պայքար սկսել ստվերային տնտեսության դեմ և դրանից ստացված միջոցներն ուղղել զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին:
Ըստ որում, պատգամավորն անընդունելի է համարել երկրի քաղաքացիների կողմից 1000 դրամ պարտադիր վճարը: Մանուկյաննն ավելացրել է, որ կարելի է 10 անգամ ավելի շատ միջոցներ ստանալ այլ միջոցներով, այլ ոչ թե՝ քաղաքացիների ապօրինի կողոպուտով կամ լրացուցիչ հարկադրմամբ:
«Տարեկան երկրից ապօրինաբար դուրս է բերվում շուրջ 1-1,5 մլրդ դոլար, իրավապահ մարմինները պետք է զբաղվեն դրանով և վերադարձնեն այդ միջոցները բյուջե կամ գոնե այդ հիմնադրամ: Բացի այդ, 30% աղքատությամբ երկրում 5 միլիարդատեր կա, իսկ խորհրդարանականների շրջանում՝ 60 միլիոնատեր, շատ չէ արդյո՞ք մեր երկրի համար: Ինչպե՞ս կարելի է օրինական ճանապարհով միլիոններ աշխատել աղքատության նման մակարդակով երկրում»,- ընդգծել է նա:
Պատգամավորը հայտարարել է նաև, որ Հայաստանի տնտեսության 40%-ը ստվերում է գտնվում: Ամենահամեստ հաշվարկներով, դա կազմում է շուրջ 1 մլրդ դոլար: «Նաև 100 մլն դոլար արտաբյուջետային միջոցները պարարտ հող են կոռուպցիայի համար: Ուղղեք այդ ֆինանսները բյուջե, իսկ այնտեղից՝ անվտանգության ոլորտ»,- ասել է պատգամավորը: