Արմինֆո. Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցումն ապահովող հիմնադրամը պետք է բացառապես կամավոր լինի: Այդ մասին խորհրդարանում «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրինագծը քննարկելիս հայտարարել է «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանը:
«Երկրի քաղաքացիներն առանց այդ էլ հարկեր են վճարում, որոնք ուղղվում են այդ թվում բանակի կարիքներին: Իսկ պաշտպանական բյուջեն ավելացնելու համար պետք է ոչ թե 1000-ական դրամ հավաքել ժողովրդից, այլ՝ վերադարձնել ԶՈւ ղեկավարության և գեներալիտետի կողմից գողացված միջոցները: Եթե դա տեղի չունենա, եթե մեղավորները չպատժվեն, նշանակում է՝ բանակում հանցագործությունները խրախուսվում են: Ստացվում է, որ ոմանք պետք է գողանան, իսկ ժողովուրդը պետք է վճարի նրանց շքեղ կյանքի համար: Մի քանի նախընտրական հրաժարականը բավարար չէ իրավիճակը շտկելու համար»,- նշել է պատգամավորը՝ ավելացնելով, որ եթե այդպես շարունակվի, կսկսեն ժողովրդից գումարներ խնդրել այլ ոլորտների կարիքների համար: