
Արմինֆո. Արցախյան պատերազմի հերոս Սարգիս Հացպանյանը Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին մեղադրում է Այվազովսկու նկարին տիրանալու փորձի մեջ, որտեղ պատկերված է նկարչի եղբայր Գաբրիել Այվազովսկին:
Նա հայտնել է, որ հիշյալ նկարը 1971 թվականից գտնվում է Հայաստանի տարածքում ու օրինական պատկանում է ՀՀ քաղաքացու, և նշված ժամանակաշրջանում ոչ մի անգամ երկրի տարածքից դուրս չի բերվել:
Նրա խոսքով, հատկանշական է այն փաստը, որ նկարը ներառված է Կարո Քյուրքմանի «Հայ նկարիչներն օսմանյան կայսրությունում» գրքում, սակայն որպես նկարի ստեղծող նշված է անհայտ նկարիչ, ով աչքի չի ընկնում իր ախատանքներով:
Հացպանյանի խոսով, տարակուսանք է հարուցում այն փաստը, որ հիշյալ նկարը, Աթեշյանի հավաստմամբ, Կոնստանտինոպոլի պատրիարքարանից դուրս է բերվել Հայաստանի ինչ-որ քաղաքացու կողմից, ըստ որում՝ այն որևէ մաքսային ընթացակարգ չի անցել, ինչն ինքնին անհեթեթ է: Ստացվում է, որ ցանկացած քաղաքացի կարող է գնալ պատրիարքարան և վերցնել ինչ ցանկանում է ու աննկատ հեռանալ, իսկ Թուրքիայում նույնիսկ մաքսային հսկողություն չի գործում:
«Մեզ հայտնի է դարձել նաև, որ Աթեշյանը հանդիպել է նկարի օրինական սեփականատիրոջ հետ և առաջարկել գնել նրանից նկարը: Վերջինս համաձայնել է $1 մլն-ով վաճառել նկարը, բայց Աթեշյանը, ասելով, որ գումար չունի, հրաժարվել է գնման գործարքից: Բայց որոշ ժամանակ անց Աթեշյանը զանգահարել է նկարի սեփականատիրոջը և առաջարկել բերել նկարը Սբ. Էջմիածին ցուցահանդեսի: Նկարի սեփականատերը համաձայնել է, և երբ բերել է նկարը, նրան շրջապատել են ՀՀ Քննչական կմիտեի ներկայացուցիչները: Պարզվել է, որ Աթեշյանը ներկայացրել է այնպես, թե իբր այդ մարդը գողացել է նկարը Կոնստանտինոպոլի պատրիարքարանից: Արդեն ավելի քան 2 տարի շարունակվում է այդ գործի շուրջ հետաքննությունը՝ չնայած օրինական սեփականատերն ապացույցներ ունի դեռ 1971 թվականին նկարը պաշտոնապես ձեռքբերելու մասին»,- նշել է Հացպանյանը:
Նա տարակուսանք է հայտնել, որ ՀՀ ՔԿ-ն երկու տարվա ընթացքում չի կարողանում ավարտել այդ պարզունակ գործի հետաքննությունը: Հացպանյանը նշել է նաև, որ, պաշտոնական տվյալներով, Կոնստանտինոպոլի պատրիարքարանում պետք է պահված լինի Այվազովսկու 6 նկար, սակայն տարիներ շարունակ բավական մեծ արժեք ներկայացնող այդ նկարների մասին որևէ տեղեկություն չկա:
«Այստեղից կարելի է ենթադրել, որ Այվազովսկու նկարներից մեկը կորել է, և այդպիսով Աթեշյանը փորձում է պակասը լրացնել: Ծագում է ևս մեկ հարց՝ իրեն հարգող ո՞ր հայը կփորձի դուրս բերել հայտնի հայ նկարչի նկարը, այն էլ՝ Ստամբուլ: Կարծում եմ, որ քանի դեռ Աթեշյանը Հայաստանի տարածքում է, պետք է պատասխան տրվի այդ հարցին»,- ասել է Հացպանյանը: