Արմինֆո. Երևանում կայացել է «Միասնություն» նոր հասարակական-քաղաքական ուժի հիմնադիր համաժողովը, որն իրեն համարում է համազգային շարժում: Ինչպես հայտարարել է շարժման հիմնադիրներից մեկը` Արման Վարդանյանը, որը մի քանի ԶԼՄ-ների սփականատեր է, նորաստեղծ ուժի հետևում «հանրությանը հայտնի ոչ մի անձ» կանգնած չէ: Նրա պնդմամբ, «այդ շարժումը հաղթանակած սերնդի շարժում է լինելու»: Նա նաև հավաստիացրել է որ շարժման բոլոր անդամները համախմբվել են որոշակի գաղափարների շուրջ` հայրենասիրություն, սոցիալական արդարություն, երիտասարդության մտավոր ներուժի կիրառում, և հավասարություն: Հետագայում շարժումը մտադիր է սերնդափոխություն իրականացնել Հայաստանի իշխանական համակարգում, ստեղծել առողջ մրցակցային դաշտ, փոխել պետության կառավարման փիլիսոփայությունը, նաև հասնել համազգային համախմբման: Նշենք, որ շարժմանը հարել է «Հայազն» կուսակցությունը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, որ այդ ուժի հետևում կանգնած է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը վերջերս խոստացել է վերադառնալ քաղաքականություն: Ըստ երևույթին, նման վերլուծությունների առիթ է դարձել այն փաստը, որ շարժման հիմնադիր Արման Վարդանյաը եղել է ԲՀԿ անդամ: