


Արմինֆո. Շարունակվում են խուզարկությունները «Սասնա ծռերի» կալանավորված անդամների բնակարաններում:
Ինչպես հաղորդում է համանուն պորտալը, նոյեմբերի 11-ին առավոտյան տեղի է ունեցել լայնամասշտաբ խուզարկություն Սասնա ծուռ Սեդրակ Նազարյանի՝ Սպանդարյան գյուղում գտնվող տանը։ Մի քանի տասնյակ ոստիկաններ և ՀՔԾ աշխատակիցներ ավելի քան հինգ ժամ խուզարկել են տունը և տան հարակից շինությունները՝ գործի դնելով ականաորսիչներից մինչև հատուկ վարժեցված շուն՝ խուզարկության ընթացքում ընդհուպ քանդելով տան հատակը, փորելով տնամերձ հողատարածքը և աթարի դեզը։
Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել։
Օրերս խուզարկություն էր անցկացվել նաև Ժիրայր Սեֆիլյանի բնակարանում, սակայն նրա տիկինը հրաժարվել է մանրամասներ հաղորդել ԶԼՄ-ներին:
Հիշեցնենք, որ հուլիսին ՊՊԾ գնդի տարածքը զավթած «Սասնա ծռեր» խմբավորման զինյալները կալանավորված են շենքերի և փոխադրամիջոցների ապօրինի զավթման, ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու և կիրառելու համար մեղադրանքով:



