Արմինֆո. Պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը հանդես է եկել հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին օգնության նպատակով հատուկ հիմնադրամի հաշվին ՀՀ քաղաքացիների աշխատավարձից պարտադիր 1000 դրամ պահելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման առնչությամբ առաջարկով:
«Ընդհանուր առմամբ ես համամիտ եմ այդ նախաձեռնությանը, քանի որ պետությունն ի վիճակի չէ միայնակ լուծել այդ խնդիրները: Սակայն, մեկ առաջարկ ունեմ՝ գումար չպահել այն քաղաքացիների աշխատավարձից, ովքեր նվազագույն կամ միջին աշխատավարձ են ստանում, փոխարենն ավելի շատ գումար պահել բարձր աշխատավարձ ստացողներից, ինչպես նաև պատգամավորների, նախարարների, փոխնախարարների և այլ բարձրաստիճան պետական պաշտոնյաների աշխատավարձերից»,- հայտարարել է պատգամավորը:
Հայաստանում կստեղծվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրինագիծը և կից օրինագծերի փաթեթը հավանության է արժանացել կառավարության նոյեմբերի 10-ի նիստի ժամանակ:
Զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքները կստանան միանվագ 10 մլն. դրամ ապահովագրական վճար: 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողին կհատկացվի միանվագ 5 մլն. դրամ ապահովագրական վճար: Զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական ապահովագրական վճարները կկազմեն` 300 հազար դրամ սպայական անձնակազմի, 250 հազար դրամ ենթասպաների և 200 հազար դրամ շարքայինների դեպքում: Երկրորդ կարգի հաշմանդամների դեպքում այդ վճարները համապատասխանաբար կկազմեն 250, 200 և 150 հազար դրամ: Այդ գումարը, որպես ապահովագրական վճար, կվճարվի 20 տարի շարունակ՝ կազմելով սպայական անձնակազմի համար 82 մլն. դրամ, ենթասպայական անձնակազմի պարագայում՝ 70 մլն. դրամ և շարքայինների դեպքում՝ 48 մլն. դրամ: Յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ պետք է ամսական 1000 դրամ վճարի այդ նպատակով ստեղծվող հիմնադրամին:
Նշենք, որ այդ որոշումը բացասական արձագանք է գտել հայ հասարակությունում: