


Արմինֆո. Այսօրվա նիստում կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններ ավարտած և հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն ունեցող զինծառայողների սկզբնական սպայական կոչման շնորհման գործընթացը, ինչպես նաև հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց կողմից պայմանագրային պարտավորության խախտման արդյունքում ծագող իրավական հետևանքները հստակեցնելու անհրաժեշտությամբ:
Ինչպես հաղորդում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, օրինագծով նախատեսվում է ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորող զինծառայողների համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետում ներառել նաև ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը և նրանց սկզբնական սպայական կոչում շնորհել ինտերնատուրան ավարտելուց հետո: Օրենքի ընդունումը կնպաստի իրավական կարգավորումների հստակեցմանը, ինչպես նաև կապահովի պարտավորությունների չկատարման դիմաց թափանցիկ, չափելի և արդյունավետ մեխանիզմների կիրառման ներդրումը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ այցի շրջանակում Տիգրանակերտում տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ հնչեցրած այն հարցին, որ առաջնագծում հիմնականում անապահով ընտանիքների երեխաներն են, ՀՀ պաշտպանության նախարարին հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել զորակոչի հետ կապված հարցերին՝ դիտարկելով արդար պայմանների ապահովումը:



