Արմինֆո. Իրական և խորը փոփոխությունները Հայաստանում իմպերատիվ են: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը:
Նա հիշեցրել է, որ ընթացիկ տարվա ապրիլին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնք բացառիկ հնարավորություն են՝ օրինական ճանապարհով հասնելու երկրում քաղաքական, տնտեսական և սոցիալական փոփոխությունների:
«Խորը փոփոխությունների անհրաժեշտության մասին են խոսում ոչ միայն Հայաստանում, այլև՝ Սփյուռքում: Այդ մասին են խոսում ոչ միայն քաղաքական ուժերը, այլ նաև լայն հասարակայնությունը: Սփյուռքի ազդեցիկ շրջանակների խորը մտահոգության ապացույց են՝ «Գլոբալ հայերի» հայտարարությունը, «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը: Թե ես, թե «Համախմբում» կուսակցությունն աջակցում ենք այդ կոչերին»,- հայտարարել է Օսկանյանը:
Ըստ որում, քաղաքական գործիչը գտնում է, որ այդ դրսևորումները կարող են նպաստել հասարակական լայն համախմբմանը՝ երկրում արմատական փոփոխություններ անցկացնելու նպատակով:
«Մեր պետությունը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած, բայց դրանցից պետք չէ վախենալ կամ անտեսել, անհրաժեշտ է բացահայտ խոսել այդ մասին՝ հաղթահարման ուղիներ գտնելու նպատակով: Մեր խնդիրները կարելի է լուծել միայն սփյուռքահայերի և Հայաստանի հայերի համատեղ ջանքերով: Առանց ներքին արմատական փոփոխությունների, նոր գաղափարների և հավակնոտ ծրագրերի, միայն անձերի փոխատեղումներով խնդրի լուծումներ գտնել չենք կարող»,- գտնում է Օսկանյանը:
Քաղաքական գործիչը համոզված է, որ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական բոլոր ուժերի առաջնորդները պետք է ներկայացնեն Հայաստանի առջև ծառացած հրատապ խնդիրների առնչությամբ իրենց մոտեցումները, քանի որ դրանով է որոշվելու երկրի ապագան, ժողովրդի անվտանգությունը, ինչպես նաև պետության զարգացման վեկտորը: Օսկանյանը գտնում է, որ ժողովուրդը պետք է հստակ իմանա յուրաքանչյուր քաղաքական ուժի և առաջնորդների դիրքորոշումն այնպխիսի հարցերի առնչությամբ, ինչպես՝ տնտեսական քաղաքականությունը, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատումը, ինչպես նաև տնտեսական նախագծերին ինտեգրումը, և գիտակցի, որ իր ընտրությունից է կախված երկրում պատերազմի ու խաղաղության հավանականությունը, Հայաստանի զարգացման վեկտորը, տնտեսական աճը և մի շարք այլ հրատապ հարցեր: