Արմինֆո. Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո ԱՄՆ արտաքին քաղաքականությունը չի փոխվի: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել պատգամավոր Թևան Պողոսյանը:
Նրա խոսքով, ԱՄՆ արտաքին քաղաքականությունը նախագահի քմահաճույքներին չի ենթարկվում, հետևաբար՝ Թրամփից արմատական փոփոխություններ սպասել պետք չէ: Նա նշել է, որ նույնիսկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը չի թաքցնում դա: «Դեսպանը հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքականության միայն 20%-ն է կախված նախագահից. դա շատ հետաքրքիր է: Ամենայն հավանականությամբ Թրամփը «կծախսի» իր 20%-ը կառավարման սկզբում, ինչից հետո կշարունակվի արդեն գծագրված սցենարը»,- նշել է Պողոսյանը: Մասնավորապես, նա հիշեցրել է, որ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման, ինչպես և նրա նախորդները, խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն ստանձնելով պաշտոնը՝ չարեց դա:
Պողոսյանը նշել է նաև, որ նախընտրական արշավի ընթացքում Թրամփը խոսել է Իրանի նկատմամբ քաղաքականության խստացման մասին, ինչը, նրա կարծիքով, ձեռնտու չէ Հայաստանին: «Նա խոսել է նաև Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի հետ հնարավոր համագործակցության մասին, ինչը դրական է, սակայն նա ոչինչ չի ասել Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին, հետևաբար՝ վաղ է կանխատեսել, թե հատկապես ինչ փոփոխություններ է
խոստանում Թրամփի քաղաքականությունը մեր տարածաշրջանին:
Ըստ որում, Պողոսյանը նշել է, որ որևէ փոփոխություն չի սպասում ղարաբաղյան հակամարտության կարգավորման կամ Ցեղասպանության ճանաչման առնչությամբ ԱՄՆ դիրքորոշման հարցում: «Վաշինգտոնը կշարունակի իր գործունեությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում, չեմ կարծում, որ Թրամփի հաղթանակը կհանգեցնի այդ հարցում ԱՄՆ դիքրորոշման փոփոխութան»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո հայ-ամերիկյան հարաբերություններում հնարավոր փոփոխություններին, հայտարարել է, որ
անկախ այն բանից, թե ով կհաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում, երկրի արտաքին քաղաքականությունը 80%-ով կմնա անփոփոխ: «ԱՄՆ կշարունակի կատարել բարեկամների առջև իր պարտավորությունները, և, անշուշտ, մենք կշարունակենք մեր պարտավորությունները բարեկամական Հայաստանի հանդեպ: ԱՄՆ առաջնահերթությունների շարքում կլինի Հայաստանին օժանդակելը՝ որպես անկախ, բարգավաճող երկիր վերջինիս կայացման համար, որը խաղաղ կհամագոյակցի իր հարևանների հետ: Մենք Հայաստանի համար կմնանք կայուն և հուսալի գործընկեր ու կշարունակենք բարգավաճ Հայաստանի կառուցմանն ուղղված համատեղ աշխատանքը»,-եզրափակել է Միլզը:
ԱՄՆ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները դեռ ամփոփված չեն, սակայն, հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակն ակնհայտ է՝ հաշվի առնելով, որ նա արդեն ստացել է ընտրիչների 276 ձայն, մինչդեռ Հիլարի Քլինթոնը՝ ընդամենը 218 ձայն: Թրամփի օգտին քվեարկել է շուրջ 56,9 մլն մարդ, նրա մրցակցի օգտին՝ 55,8 մլն: Դեմոկրատներից ԱՄՆ նախագահի թեկնածուն արդեն հեռախոսով շնորհավորել է Թրամփին: