Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման կքննարկվի նոյեմբերի 10-ին ԵԱՀԿ մշտական խորհրդում, ինչպես նաև Վիեննայում` Մինսկի խմբի նիստում: Այդ մասին ԱՊԱ-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա ասելով, Ռուսաստանը նախագահության գործընկերների հետ համատեղ կշարունակեն միջնորդական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին` եղած մշակումների հիման վրա: «Կարծում ենք, որ աշխատանքը կշարունակվի ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի հարթակներում, որը կկայանա դեկտեմբերի 8-9-ը Համբուրգում», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի անվանման հնարավոր փոփոխությունը, Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող մյուս երկրները, ինչպես նաև մնացած երկրները, ներառյալ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը չեն ճանաչում որպես անկախ պետություն: «Ելնում ենք այն բանից, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում: Այդ առնչությամբ այժմ որևէ նոր անվանման ի հայտ գալը չի արտացոլվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող Ռուսաստանի դիրքորոշման վրա», - ամփոփել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի հնամանախագահ Ջեյմս Ուորլիքը չէր բացառել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպումը Համբուրգում ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի հարթակներում: