Արմինֆո. Ի տարբերություն Հայաստանի՝ ԱՄՆ-ում նախագահը միայնակ ռազմավարական կարևոր որոշումներ չի կայացնում, հետևաբար՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունն իր նախորդների գործունեությունից խիստ չի տարբերվի: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա ընդգծել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում, Ցեղասպանության և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ դիրքորոշման հարցում որևէ փոփոխություն չի սպասում: Նրա կարծիքով, ԱՄՆ-ում նախագահը յուրօրինակ կատալիզատոր է և որոշումներ չի ընդունում. նա կարող է միայն արագացնել կամ դանդաղացնել գործընթացները, հետևաբար՝ Թրամփից արմատական փոփոխություններ սպասել, քաղաքական գործչի կարծիքով, անիմաստ է: «Թրամփը չի կարող, ինչպես Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի նախագահի հետ երեքժամյա բանակցություններից հետո իր երկրի համար ոչ ձեռնտու ռազմավարական որոշում կայացնել և մեկ գիշերում 180 աստիճանով փոխել երկրի արտաքին քաղաքական վեկտորը՝ եվրաասոցացումից մինչև եվրասիական ինտեգրում»,- հեգնանքով հայտարարել է քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո հայ-ամերիկյան հարաբերություններում հնարավոր փոփոխություններին, հայտարարել է, որ
անկախ այն բանից, թե ով կհաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում, երկրի արտաքին քաղաքականությունը 80%-ով կմնա անփոփոխ: «ԱՄՆ կշարունակի կատարել բարեկամների առջև իր պարտավորությունները, և, անշուշտ, մենք կշարունակենք մեր պարտավորությունները բարեկամական Հայաստանի հանդեպ: ԱՄՆ առաջնահերթությունների շարքում կլինի Հայաստանին օժանդակելը՝ որպես անկախ, բարգավաճող երկիր վերջինիս կայացման համար, որը խաղաղ կհամագոյակցի իր հարևանների հետ: Մենք Հայաստանի համար կմնանք կայուն և հուսալի գործընկեր ու կշարունակենք բարգավաճ Հայաստանի կառուցմանն ուղղված համատեղ աշխատանքը»,-եզրափակել է Միլզը:
ԱՄՆ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները դեռ ամփոփված չեն, սակայն, հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակն ակնհայտ է՝ հաշվի առնելով, որ նա արդեն ստացել է ընտրիչների 276 ձայն, մինչդեռ Հիլարի Քլինթոնը՝ ընդամենը 218 ձայն: Թրամփի օգտին քվեարկել է շուրջ 56,9 մլն մարդ, նրա մրցակցի օգտին՝ 55,8 մլն: Դեմոկրատներից ԱՄՆ նախագահի թեկնածուն արդեն հեռախոսով շնորհավորել է Թրամփին: