Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Համբուրգում կայանալիք հանդիպման ձևաչափը դեռ հստակեցված չէ: Այդ մասին նոյեմբերի 8-ին Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
«Կտեսնենք, ըստ զարգացումների, և կտեսնենք, թե ինչ առաջարկներ կլինեն եռանախագահների կողմից այդպիսի հանդիպումներ կազմակերպելու շուրջ։ Բայց մեկ բան վստահ եմ, որ եռանախագահների հետ հանդիպումներ լինելու են»,- նշել է Նալբանդյանը:
«Եռանախագահներից մեկը հույս է հայտնել, որ այդպիսի հանդիպում կարող է կայանալ։ Դրան ի պատասխան Ադրբեջանից հայտարարարեցին, որ պատրաստ են մասնակցել այդ հանդիպմանը։ Սակայն Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասություններ են պարունակում․ մի կողմից ասում են, որ պատրաստ են մասնակցել հանդիպումների, որոնք նախաձեռնվում են եռանախագահող երկրների կողմից, մյուս կողմից հայտարարություններ են անում՝ ըստ էության, հակադրվելով եռանախագահների մոտեցումներին։ Առավելապաշտական մոտեցումներ են արտահայտում և հայտարարում են, որ միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունքի վրա կարող է գտնվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը։
Հիշեցնեմ, որ եռանախագահները բազմիցս ասել են և կրկնել, որ հիմնախնդիրը կարող է լուծվել միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության։ Համանախագահները բազմիցս հայտարարել են, որ այդ սկզբունքները, նաև իրենց կողմից առաջարկված տարրերը, որոնք հիմնված են այդ սկզբունքների վրա, ներկայացնում են մեկ ամբողջություն։ Փորձերը՝ տարանջատելու այդ սկզբունքները, տարրերը մեկը մյուսից անհնարին կդարձնեն հիմնախնդրի կարգավորումը։ Բաքուն պետք է կողմնորոշվի՝ արդյոք իսկապես ցանկանում է, որ համանախագահության ձևաչափում շարունակի բանակցությունները։ Որովհետև մի կողմից ասում է, որ պատրաստ է մասնակցելու հանդիպումներին, բայց մյուս կողմից դուրս է գալիս եռանախագահների առաջարկների դեմ, որոնք հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմք։
Այլապես այս հանդիպումներին սոսկ մասնակցությունը դառնում է իմիտացիա Ադրբեջանի կողմից։ Դրա ապացույցներից են իրենց մասնակցությունը Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին։ Մասնակցեցին, բայց ի՞նչ դա տվեց։
Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներից մինչ այսօր Բաքուն հրաժարվում է իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Անում է ամեն ինչ, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն։ Նրանք, ովքեր կասկածներ ունեին, որ Ադրբեջանը կարող է գնալ իրավիճակի կտրուկ սրման, դրա վերաբերյալ հստակ ապացույցներ ստացան ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում։
Ապրիլյան ագրեսիայից հետո եռանախագահների և Հայաստանի համատեղ ջանքերն ուղղված են նրան, որպեսզի համապատասխան պայմաններ ստեղծվեն հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման համար։
Պետք է շեշտեմ, որ Հայաստանը երբեք չի հրաժարվել հանդիպումներից։ Հայաստանը, մասնակցելով այդ հանդիպումներին, ընդունել է նաև այն շրջանակը, որ առաջարկվում է բանակցությունների համար եռանախագահների կողմից։ Հենց դա է տարբերությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Այստեղ տեղին է հիշեցնել, որ մի քանի ամիս առաջ Ադրբեջանը հրաժարվում էր ընդհանրապես անգամ եռանախագահների հետ հանդիպել և ասում էր, որ համանախագահները անօգուտ զբոսաշրջիկներ են։
Իհարկե, մենք պատրաստ ենք մասնակցել հանդիպումներին: Դրա հնարավորությունը ցույց կտան մինչև Համբուրգ տեղի ունենալիք զարգացումները, քանի որ կարևոր միջազգային հանդիպումներից առաջ Ադրբեջանը, ինչպես միշտ, սրում է իրավիճակը հակամարտության գոտում և հիմա էլ հայտարարել է լայնածավալ ռազմական զորավարժությունների անցկացման մասին, որոնցում ներգրավված է լինելու ադրբեջանական բանակի գրեթե ամբողջ ներուժը՝ 60 հազար զորք, տանկեր, հրթիռներ, ավիացիա և այլն։ Սա Վիեննայի փաստաթղթի ակնհայտ խախտում է, քանի որ, ըստ կարգի, պետք է քառասուներկու օր առաջ տեղյակ պահեին, եթե զորավարժություններին մասնակցող զորքերի թվաքանակը հասնում է ինը հազարի։
Բայց խնդիրը ոչ միայն տեղեկացնելու կամ չտեղեկացնելու մեջ է. Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդից առաջ Ադրբեջանը գնում է այսպիսի, ես կասեի, սադրիչ քայլի։ Բացի այդ, սաստկացել են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները հակամարտության գոտում»,- ասել է Նալբանդյանը: