Արմինֆո. Ռուսաստանի և Արևմուտքի միջև երկրորդ «սառը պատերազմը», առաջին հերթին՝ ի դեմս ԱՄՆ-ի, բավական վաղուց է սկսվել, նոյեմբերի 8-ին Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիտուտում փորձագետների կլոր սեղանի ժամանակ այդ մասին հայտարարել է ԱԱԾ նախկին ղեկավար, վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:
«Այդ պատերազմը նաև նման չէ մնացած պատերազմներին, և շատերն Արևմուտքում մինչև հիմա հրաժարվում են հավատալ փաստին, որ այն տեղի է ունենում: Դրա հեռանկարները, կարծում եմ, կդրսևորվեն շատ շուտով՝ հաշվի առնելով կողմերի ռեսուրսային, տնտեսական, մարդկային և քաղաքական ներուժի անհամադրելիությունը»,- նշել է նա:
Այս առումով Շահնազարյանը կանխատեսում է երկրորդ «սառը պատերազմի» ավարտի երկու սցենար: Համաձայն առաջինի՝ Ռուսաստանն անխուսափելիորեն կհրաժարվի իր կայսերական նկրտումներից: Երկրորդ սցենարը ծանր հետևանքներ կունենա Ռուսաստանի համար՝ հաշվի առնելով, որ արդեն այսօր ԱՄՆ-ը լրջորեն քննարկում է Ռուսաստանի նկատմամբ նավթային էմբարգո սահմանելու հարցը, ինչը, ըստ նրա, վերջնականապես «կփակի Մոսկվայի թթվածինը»:
Վերլուծաբանը գտնում է, որ այս պայմաններում Հայաստանը պետք է լրջորեն մտածի իր դրության և սպասվող իրադարձությունների հնարավոր հետևանքների մասին: Այս առումով նա խիստ կարևոր է համարել Հայաստանին Ռուսաստանի ձեռքում Արևմուտքի դեմ զենք դարձնելու սցենարի իրականացումը թույլ չտալը՝ հատկապես տվյալ ուղղությամբ առկա փորձերի և Հայաստանի ու Արևմուտքի մի շարք շահերի համընկնման լույսի ներքո: