
Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնիե բացման արարողությանը:
Հանրապետության առաջատար բժշկական հաստատությունների ղեկավարների և ոլորտի այլ մասնագետների, Երևանի քաղաքապետի, Առողջապահության նախարարի, ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարի ու մի շարք այլ հյուրերի ուղեկցությամբ ՀՀ Նախագահը և տիկին Ռիտա Սարգսյանը շրջայց են կատարել Հայաստանում արյան հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ զբաղվող ոլորտի միակ մասնագիտացված առաջատար բժշկական հաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման նպատակով ստեղծված պայմաններին և կենտրոնի ընթացիկ գործունեության ու հետագա ծրագրերի շուրջ զրուցել հաստատության տնօրինության և բուժանձնակազմի հետ:
Կենտրոնի պատասխանատուները ներկայացրել են, որ արդիականացված Արյունաբանական կենտրոնի կառուցվածքում ստեղծվել են տարածաշրջանային նշանակության ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք և ցողունային բջիջների լաբորատորիա: Հաշվի առնելով կենտրոնի բացառիկ նշանակությունը հատկապես երեխաների շրջանում արյան քաղցկեղի բուժման գործում՝ ծրագիրն իրագործվել է «Նվիրիր կյանքե բարեգործական հիմնադրամի և դրա հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ տիկին Ռիտա Սարգսյանի հանձնառության ու ներդրած ջանքերի շնորհիվ: Հիմնանորոգվել է կենտրոնի յոթհարկանի մասնաշենքը, կառուցվել է նոր եռահարկ մասնաշենք: Արդիականացման աշխատանքներն իրականացվել են ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:
Նորաբաց բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի մատուցել ժամանակակից, որակյալ և հասանելի բժշկական ծառայություններ: Հաստատությունը հագեցվել է անհրաժեշտ ժամանակակից բժշկական սարքավորումներով, որոնց զգալի մասը բացառիկ են իրենց նշանակությամբ և միակն են հանրապետությունում։
Ներդրված ավտոմատացված համակարգերի շնորհիվ զգալիորեն կընդլայնվի կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը: Մրցունակ գնային քաղաքականության իրականացման պայմաններում կենտրոնի բարձրակարգ ծառայություններից կարող են օգտվել նաև արտերկրից ժամանած հիվանդները:
Կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյան խոսքով, եթե արտերկրում նման վիրահատություններն արժեն 150-200 հազար եվրո, Հայաստանում դրանք կարժենան 40-50 հազար դոլար: Նա ավելացրել է, որ արդիականացված կենտրոնում տարեկան կարող է բուժում ստանալ 1500 հիվանդ: -լ-