


Արմինֆո.Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրդայանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նոր ռեկտոր կդառնա: Այդ մասին հայտնում են ԱրմԻնֆո-ի իրազեկ աղբյուրները:
Աղբյուրների համաձայն, ներկայիս ռեկտոր Միքայել Նարիմանյանն ստիպված է հրաժարական տալ՝ համալսարանի պարտքերի պատճառով, որոնք, ի դեպ, կուտակվել են նրան նախորդող Դերենիկ Դումանյանի կողմից բուհը ղեկավարելու ընթացքում: Ավելի վաղ համալսարանի Հոգաբարձուների խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ նոյեմբերի 4-ին տեղի կունենա Խորհրդի նիստ, որի ընթացքում կքննարկվի ռեկտորի փոփոխման հարցը: Նարիմանյանը հայտարարել է, որ դեռ հեռանալու մասին դիմում չի գրել, և ոչ ոք չի կարող ստիպել իրեն անել դա, սակայն խոստովանել է, որ ՙհաշվի առնելով տարիքը՝ իր համար դժվար է զբաղվել ռեկտորի գործունեությամբ՚:
Նշենք, որ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, ԵՊԲՀ-ն 1 մլն 421 հազար 600 դոլար ընդհանուր գումարի 5 վարկային պայմանագիր է կնքել ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ-ի, ՙHSBC Armenia՚-ի և ՙԱրդշինբանկի՚ հետ, որոնք մինչ օրս մարված չեն:



