
Արմինֆո. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը նոյեմբերի 3-ին Երևանում ներկայացրել է ազգային հավաքականի նորանշանակ մարզիչ Արթուր Պետրոսյանին, ով ավելի վաղ աշխատել է Շվեյցարիայի թիմի հետ:
Պետրոսյանը պատմել է, որ այլևս չի աշխատելու Շվեյցարիայի թիմի հետ և բոլոր ուժերը կուղղի ազգային հավաքականի նախապատրաստմանը: Նա պատմել է, որ Ռազմիկ Գրիգորյանն ու Սարգիս Հովսեփյանը կընդգրկվեն մարզչական շտաբում:
«Ֆուտբոլիստներին ընտրելու են անձամբ` մարզչական շտաբի հետ միասին: Համոզված եմ, որ հաջողությունների կհասնենք, հակառակ դեպքում` ես այստեղ չէի լինի», - նշել է նոր մարզիչը: Ընդ որում, նա երկրպագուներին կոչ է արել սատարել հավաքականին, որը դրա կարիքն ունի:
Անդրադառնալով Յուրա Մովսիսյանին հավաքական հրավիրելու հարցին` Պետրոսյանը նշել է, որ ցանկանում է Մովսիսյանին տեսնել հավաքականում: «Մենք այդ մասին խոսել ենք ՀՖՖ ղեկավարի հետ, և դուք ծանոթ եք իրավիճակին: Սակայն, հավաքականում փոփոխություններ կլինենմ և դուք դրան ականատես կլինեք նոյեմբերի 11-ին», - նշել է նա:
Հայրապետյանն, իր հերթին, նշել է, որ եթե ինքը տեսնի, որ մարզիչը սխալվում է, ապա պարտադիր կմիջամտի և հրապարակավ այդ մասին կհայտարարի, քանի որ, իր համոզմամբ, ամենամեծ պատասխանատվությունն ընկնում է հենց իր վրա: «Պետրոսյանն ազատ է հավաքականի ձևավորման հարցում: Կարծում եմ` հարցը փակված է», - նշել է Հայրապետյանը:
Միևնույն ժամանակ, անդրադառնալով լրագրողների այն դիտողությանը, թե սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել է, որ իսկական պրոֆեսիոնալների կհրավիրի սպորտ, Հայրապետյանը նախարարին խորհուրդ է տվել զբաղվել ատամնաբուժությամբ:
«Սպորտի նախարարն իրավունք չունի միջամտելու ֆոտբոլի գործերին: ՖԻՖԱ կանոնադրության համաձայն, նա իրավունք չունի միջամտելու ՀՖՖ գործերին: Եթե փորձի այդ անել, ապա կպատժվի օրենքի շրջանակում», - եզրափակել է հայրապետյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախորդ մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրաժարական էր տվել Լեհաստանի հավաքականից 1:2 հաշվով պարտությունից հետո: Մինչ այդ Սուքիասյանի սաները ջախջախիչ պարտություն էին կրել ռումինացիներից` 5:0, և դանիացիներից` 1:0 հաշվով, այդպիսով տանուլ տալով 2018 առաջնության ընտրական մրցաշարի բոլոր երեք մեկնարկային խաղերը: Նոյեմբրի 11-ին 2016 թվականի եզրափակիչ պաշտոնական խաղում Հայաստանի հավաքականը կընդունի Չեռնոգորիայի հավաքականին: