


Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա, Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգային մակարդակով ճանաչված սահմանների շրջանակներում:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ մասին Եգիպտոսի ԱԳՆ ղեկավար Սամեհ Շուքրիի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ հերթական անգամ մեղադրելով Հայաստանին ՙհակամարտությունը կարգավորելու ցանկության բացակայության՚ մեջ:
Մամեդյարովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն անընդունելի են համարել ստատուս-քվոն, ինչպես նաև ընդգծել, որ ուժի գործադրմամբ պետությունների՝ միջազգային մակարդակով ճանաչված սահմանների խախտումն անթույլատրելի է: Շուքրին իր հերթին ասել է, որ հակամարտության առնչությամբ Եգիպտոսի դիրքորոշումը սկզբունքային բնույթ է կրում և հիմնվում է միջազգային լեգիտիմության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի վրա: Նա նշել է, որ Եգիպտոսը ցանկանում է տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության վերականգնում:



