Արմինֆո. Հայաստանն ու Ռուսաստանն սկսել են ՀՀ ԶՈՒ սպառազինությունում գտնվող Տ-72 հիմնական մարտական տանկերի արդիականացման լայնածավալ ծրագիրը:
Ինչպես «Իզվեստիային» հաղորդել է Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, տանկերի կատարելագործման աշխատանքներն արդեն սկսվել են: Նրա ասելով, արդիականացվող մարտական մեքենաների ստույգ թիվը և աշխատանքների ժամկետը չեն նշվում: Տանկերը կարդիականացվեն մինչև Տ-72Բ4 մակարդակ, որով հանդես են եկել «Տանկային բիատլոնի» մասնակից թիմերը: Ուշագրավ է, որ ավելի վաղ Հայաստանի ՊՆ մտադիր էր իր տանկերի արդիականացման շուրջ պայմանագիր կնքել լեհական Bumar Labedy ընկերության հետ:
Իրազեկ աղբյուրն «Իզվեստիային» տեղեկացրել է, որ խոսքը վերաբերում է մի քանի տասնյակ տանկերի: Ընդ որում, արդիականացման հիմնական աշխատանքները կիրականացվեն Հայաստանում, ինչը հայկական կողմին թույլ կտա դրանք դարձնել պակաս ծախսատար, այսինքն, ավելի շատ տանկ արդիականացնել:
Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆոն հաղորդել էր, Հայասստանի ԶՈՒ սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման և պլանավորման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանի ասելով, Հայաստանի ՊՆ-ում մշակվում է ԶՈՒ սպառազինությունում եղած տանկերի արդիականացման ծրագիր: Նրա ասելով, աշխատանքներ են տարվում ինչպես Հայաստանի գիտա-արդյունաբերական հաստատությունների, այնպես էլ ոլորի միջազգային ընկերությունների հետ: Գաբրիելյանը նշել էր, որ խնդիրն այն է, որպեսզի արդիականացումն իրականացվի Հհայաստանում, ինչն ավելի հարմար է և ձեռնտու` ֆինանսական կեսանկյունից: