Արմինֆո. ԲՀԿ-ն մտադիր չէ ընդգրկվել որևէ նախընտրական դաշինքում կամ ձևաչափում` առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը` անդրադառնալով մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն ընդդիմության համագործակցության անհրաժեշտության վերաբերյալ ՀԱԿ կոչին:
«Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք կիսում են արդար ընտրություններ անցկացնելու, ժողովրդավարությունը խորացնելու, մարդու իրավունքները պաշտպանելու վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշումը, սակայն ընտրություններին մասնակցելու ենք միայնակ», - նշել է նա: Ընդ որում, պատգամավորն ավելացրել է, որ ԲՀԿ-ն ձգտելու է իշխանափոխության ընտրությունների միջոցով: «Հենց դա է ընտրությունների հիմնական նպատակը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ սահմանադրական բարեփոխումներից հետո խորհրդարանական ընտրություններն առանձնակի կարևորություն են ստանում», - նշել է նա:
ԱրմԻնֆո-ի տեղեկությունների համաձայն, նոյեմբերին կայանալիկք ԲՀԿ համագումարում տեղի է ունենալու ղեկավարության փոփոխություն, կրկին կուսակցության նախագահությունն ստանձնելու է Գագիկ Ծառուկյանը, ում մեծ քաղաքականություն վերադառնալու շուրջ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն, Ծառուկյանի մեծ քաղաքականություն վերադարձի նպատակը ԲՀԿ և ՀՀԿ միջև հետընտրական կոալիցիայի ձևավորումն է: Իսկ կոալիցիայի երրորդ մասնակիցը, երկրի ղեկավարության ծրագրի համաձայն, կլինի ՀՅԴ-ն:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀԱԿ-ը տարածել էր հայտարարություն, որում ընդգծել էր, թե 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում պատրաստ է համագործակցել քաղաքական ուժերի հետ: Կուսակցությունում կարծում են, որ իշխանափոխությունը հնարավոր է միայն ընդդիմադիր դաշտի համախմբման միջոցով: