Արմինֆո. Հոկտեմբերի 25-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պյեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, հանդիպմանն անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող մի շարք հարցերի։ Այս առումով, Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է, որ մերժում է իրականացնել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։
Նախարար Նալբանդյանը շեշտեց, որ ի հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ կոչերի՝ զերծ մնալ առավելապաշտական և սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից՝ Բաքուն շարունակում է այդ գործելաոճը, ինչի թարմ ապացույցն են վերջին օրերին բանակցային գործընթացի էությունը և ոգին խեղաթյուրող Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող հայտարարությունները, որոնք միանաշանակ վնասակար են բանակացային գործընթացի համար։
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Մասնավորապես, համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: 2016 թվականի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` ՌԴ նախագահի նախաձեռնությամբ, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն: Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատեցին մայիսի ս.թ. 16-ին Վիեննայում կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և հաշտության գործընթացում առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին, մասնավորապես, մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը՚: Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հետաքննության մեխանիզմները տվյալ փուլում ակտուալ չեն, և հարցը կարող է քննարկվել ՙԼՂՀ-ից հայկական զորքերի դուրսբերումից հետո միայն՚: Բացի այդ, նա ընդգծել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գարսենյակը կարող է ընդլայնվել մինչև 12-13 մարդ և ոչ ավելի: Այդ հանդիպումներից հետո Ֆրանսիան պատրաստակամություն էր հայտնել օգոստոսին կազմակերպելու հակամարտության կարգավորման շուրջ հաջորդ հանդիպումը, սակայն հանդիպումն այդպես էլ դեռ չի կայացել: