Արմինֆո. ՀՀ նախկին արտգործնախարար և ՙՀամախմբում՚ կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանն առաջարկում է հանձնաժողով ստեղծել՝ Քըրք Քրքորյանի կտակը տնօրինողների հետ համագործակցելու համար: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
ՙԱյսօր կարդացի Քըրք Քրքորյանի կտակը։ Հասկացա հետևյալը՝ ժառանգություն է թողնվել 2 միլիարդ դոլարի կարգի գումար, որը բացառապես պետք է տրամադրվի մեկ կամ ավելի բարեգործական կազմակերպությունների, որոնք ունեն ԱՄՆ-ի հարկային ծառայության այսպես կոչված 501(C)3 արտոնությունը։
Կտակը պետք է տնօրինվի անվանական նշված երեք անհատների կողմից, որոնցից հայազգի է միայն մեկը։ Նրանք Քրքորյանի մահվանից հետո երեք տարվա ընթացքում (որի մեկ տարին անցել է) պետք է արդեն այդ գումարի բաժանումը կատարած լինեն։
Չնայած այս եռյակի որոշման վրա որևէ սահմանափակում չկա, բացառությամբ, որ որոշումները պետք է լինեն մեծամասնության սկզբունքով` ես այնուամենայնիվ կարծում եմ՝ այս անհատների վրա կա բարոյական պարտավորություն, որը բխում է Քրքորյանի՝ հատկապես վերջին քսան տարիներին կատարած բարեգործական նվիրաբերումների առաջնայնություններից։ Քըրք Քրքորյանը բարեգործական նվիրաբերումներ արել է երեք հիմնական ուղղություններով․1-ին՝ ամերիկյան հաստատություններին, հատկապես՝ կրթական; 2-րդ՝ հայկական կազմակերպություններին՝ կրթական, մշակութային, հրատարակչական և այլ,
3-րդ, որը եղել է նրա նվիրաբերումների ամենածավալուն մասը, Հայաստանին։
Ես համոզված եմ, որ այս հանգամանքը որոշակի պարտավորություններ է դնում կտակը տնօրինող անհատների վրա իրենց ընտրությունը կատարելու գործում։
Ճիշտ կլինի՝ հնարավորինս արագ հայ ժողովրդի բացարձակ վստահությունը վայելող անհատներից բաղկացած հինգ-յոթ հոգանոց հանձնաժողով ստեղծել, որը, խորհրդակցություններ անցկացնելով ավելի լայն շրջանակների հետ, այդ թվում՝ Հայաստանի կառավարության, առաջարկների փաթեթ կներկայացնի կտակը տնօրինող եռյակին։ Հանձնաժողովի խնդիրը պետք է լինի հիմնավորել կտակի գումարների ստվար մասի ուղղումը հայկական նպատակներին, ինչպես նաև նախանշել այն կազմակերպություններն ու ծրագրերը, որոնց պետք է հատկացումներն անել։ Չի կարելի այս հարցը պատահականության թողնել։ Չի կարելի նաև, որ անհատ մարդիկ և կազմակերպություններ, առանձին-առանձին՝ իրենց միջոցներով, հակասական առաջարկություններով, նեղ շահերից ելնելով, վանեն կտակը տնօրինող եռյակին՚,- գրել է նա:
Նշենք, որ արմատներով հայ, աշխարհում հայտնի միլիարդատեր Քըրք Քրքորյանը մահացել է 2015 թ. հունիսի 16-ին Լոս Անջելեսում: Ըստ Forbes-ի,
Քըրքորյանի կարողությունը գնահատվում է 4,2 մլրդ ԱՄՆ դոլար: 2004 թվականին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար Քըրքորյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում՝ Հայաստանի ազգային հերոս։ Քըրք Քըրքորյանը (Գրիգոր Ահարոնի Գրիգորյան) ծնվել է 1917 թվականին։ Սերում է 1890-ին Խարբերդից Ֆրեզնո գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքից։