Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են տարածաշրջան այցելել հոկտեմբերի երրորդ տասնօրյակում:
Ինչպես ԱՊԱ-ին հարցազրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, այցի շրջանակներում միջնորդները կլինեն Ադրբեջանում, Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում:
ՙՆախատեսվում են հանդիպումներ ղեկավարության, զինվորականների հետ: Մտադիր ենք քննարկել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը: Կքննարկենք բանակցային գործընթացի հեռանկարները՝ հաշվի առնելով առկա աշխատանքային առաջարկները: Կպարզենք հակամարտության գոտում ռազմական իրավիճակը, որը, ըստ մեր գնահատականների, ապրիլյան իրադարձություններից հետո մինչև վերջին ժամանակները համեմատաբար խաղաղ էր՚,- նշել է ռուսաստանցի միջնորդը: Անդրադառնալով հոկտեմբերի 8-ին Մոսկվայում միջնորդների հանդիպմանը՝ Պոպովը նշել է, որ անցկացվել են համանախագահների պլանային խորհրդատվություններ: Նրա խոսքով, տեղի է ունեցել նաև հանդիպում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը, այդ թվում՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների արդյունքները:
«Լավրովը գործընկերներին տեղեկացրել է Ռուսաստանի ինքնուրույն միջնորդական ջանքերի մասին, կիսվել Երևանում և Բաքվում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ իր զրույցների գնահատականներով: Ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները հաստատել են կարգավորման հարցում իրենց երկրների մոտեցումները, որոնք արտահայտում են «եռյակի՚ հավաքական դիրքորոշումը՚- նշել է Պոպովը:
Անդրադառնալով ՙԼեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների հնարավոր վերադարձի՚ վերաբերյալ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերին՝ Պոպովն ասել է. ՙԱյդ հարցը պետք է դիտարկել կարգավորման մյուս տարրերի հետ համատեղ՝ ներառյալ Ղարաբաղի կարգավիճակի հարցի որոշումը, բոլոր փախստականների վերադարձը, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի պահպանումը, խաղաղապահ գործողությունների անցկացումը: Կարգավորման գործընթացը միասնական փաթեթ է, և դրանից այս կամ այն կողմի համար նախընտրելի առանձին տարրեր հանելու ցանկացած փորձ ապակառուցողական է՚: