Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը հետաքրքիր է, սակայն այն հարկավոր է դիտարկել՝ նրա այլ հայտարարությունների հետ համատեղ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով, ռուս- թուրքական հարաբերություններն սկսել են կարգավորվել, բայց ավելի շատ մարտավարական, քան ռազմավարական տեսակետից: Ինչպես նշել է Բաբայանը, Լավրովը Երևանում մի շարք հետաքրքիր հայտարարություններ է արել, այդ թվում՝ հայ-թուրքական հարաբերությունենրի առնչությամբ, այն է՝ ՙղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացն առանցքային կլլինի, եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն՚:
ՙԱյդ հայտարարությունն ամենևին չի նշանակում, որ Թուրքիան կարող է միջնորդ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Կարգավորման հարցում որպես միջնոդ Թուրքիայի մասնակցության անընդունելիության մասին բազմիցս հայտարարել են ոչ միայն պաշտոնական Երևանը և Ստեփանակերտը, այլ նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ներկայումս գործող ձևաչափն օպտիմալ է հիմնախնդրի կարգավորման համար: Իսկ հակամարտության կողմերից մեկին՝ Ադրբեջանին, բացահայտ աջակցող Թուրքիան ոչ մի դեպքում չի կարող միջնորդ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում՚,- նշել է Բաբայանը:
Սակայն, նրա համոզմամբ, դա ամենևին չի նշանակում, որ Թուրքիան ազդեցություն չունի տարածաշրջանային գործընթացների վրա: ԼՂՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչն ափսոսանքով փաստել է, որ տարածաշրջանի գործընթացների վրա Անկարայի ազդեցությունը բավական ուժեղ է, և այն բացասական հետևանք ունի, ինչը շատ լավ հասկանում են նաև Ռուսաստանում:
Բաբայանը գտնում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի մարտավարական մերձեցումն ուղղված է տարածաշրջանի գործընթացների վրա Անկարայի ապակառուցողական դիրքորոշման թուլացմանը: ՙԼավրովն աննախադեպ հայտարարություն է արել՝ այն առումով, որ ՙԹուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, նորմալ տնտեսական փոխգործակցություն տարածաշրջանում՚՝ Հայաստանի սահմանների շրջափակումը վերացնելու ճանապարհով: Այստեղից կարելի է եզրակացություն անել, որ հստակ նշվել է՝ եթե ուզում եք դրական ներդրում ունենալ կարգավորման գործում, կատարեք այդ քայլերը՚,- ընդգծել է Բաբայանը:
Միաժամանակ նա չի համաձայնել այն բանին, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքներն Ադրբեջանին հանձնելու հաշվին: ՙԱյդ մասին խոսք անգամ չի կարող լինել: Տարածքներ հանձնելու հարցն անցյալում է մնացել: Այժմ կարևոր է պահպանել խաղաղություն և անվտանգություն տարածաշրջանում: Այս հարցում մեծ տերությունների դիրքորոշումները համընկնում են, քանի որ հասկանում են, որ եթե Անդրկովկասում հակամարտություն բռնկի, այն երկարատև բնույթ կկրի: Այսօր ձեռնարկվում են բոլոր քայլերը՝ տարածաշրջանում կայունություն պահպանելու նպատակով՚,- ասել է Բաբայանը:
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին Երևանում հայտարարել էր, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
ՙԱյն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, նորմալ տնտեսական փոխգործակցություն տարածաշրջանում, կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում: Եթե հանկարծ Հայաստանն ու Թուրքիան վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը՝ առանց ղարաբաղյան հակամարտության հետ կապելու, մենք միայն ուրախ կլինենք, սակայն այնպիսի տպավորություն է, որ ղարաբաղյան հակամարտությունում առաջընթացն առանցքային կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար՚,- հայտարարել էր Լավրովը:
Անկարան դրական է գնահատել ՌԴ ԱԳՆ ղեկավարի Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում;
Մինչդեռ պաշտոնական Երևանը շարունակում է ընդգծել, որ Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել գործընթացից: