
Արմինֆո. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին Հայաստանի ներկայացուցչի բացակայության պատճառները, իմ կարծիքով, հարկավոր է փնտրել Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների հակասություններում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
Ուրբաթ օրը Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովում Բելառուսն ընդունեց կազմակերպության նախագահությունը: Կազմակերպության ղեկավարների երեք ժամ տևած դռնփակ շփման արդյունքում ստորագրվեց ավելի քան 20 փաստաթուղթ, մասնավորապես` ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման մասին, ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակի մասին, մինչև 2025 թիվը հավաքական անվտանգության ռազմավարության մասին: Սակայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ պայմանավորվածության այդպես էլ չհաջողվեց հասնել, այդ պաշտոնին մնաց Նիկոլայ Բորդյուժան:
«Ընդհանուր առմամբ, ես միանշանակ պատասխան չունեմ այն հրացին, թե ինչու Հայաստանի ներկայացուցիչն այդպես էլ չնշանակվեց այդ պաշտոնին: Եվ չեմ կարծում, թե հարցն առնչվում է Հայաստանի գործող իշխանության համար ընդունելի թեկնածուի բացակայությանը: Առավել հավանական է թվում այդ պաշտոնին Հայաստանի ներկայացուցչի նշանակման նպատակահարմարության բացակայության վարկածը նրանց շրջանում, համենայն դեպս` այժմ: Կամ էլ Երևանի առաջարկած թեկնածուն ինչ-ինչ պատճառներով Ռուսաստանի համար ձեռնտու չէ», - նշել է նա:
Մեկնաբանելով գագաթնաժողովին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի բացակայության պատճառները, որի փոխարեն Ղարազախստանը ներկայացնում էր երկրի վարչապետը, վերլուծաբանը սխալ է համարել այն կարծիքը, որի համաձայն, Նազարբաևը թյուրքական ազգայնականության հիմնասյուներից մեկն է:
«Ձեռնպահ մնալով մանրամասներից` նշեմ միայն, որ անձամբ Նազարբաևի և նրա ողջ շրջապատի համար հիմնական և արդիական սպառնալիք է Թուրքիան, մասնավորապես, երկրի ներկայիս ղեկավարությունը: Եվ ես հիմքեր ունեմ պնդելու, որ Աստանայում դա հրաշալի հասկանում են` դրանից բխող բոլոր հետևանքներով», - ամփոփել է Մելիքյանը: